> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 16.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 16.

16. Պատերազմի խաղաղություն

OSCE MG co-chairsՍերժ Սարգսյանի` լայնորեն գովազդված «բարձր տրամադրությունը», որ նա ունեցել էր Իլհամ Ալիեւի հետ հերթական հանդիպումից հետո, արագ պատասխան ստացավ։ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի քչախոս համանախագահ Բեռնար Ֆասիեն թուրքական մամուլին տված հարցազրույցում հայտարարեց, թե առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի չստորագրումը կմեծացնի հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը։ Ֆրանսիացի համանախագահի այս հայտարարությունը, ըստ էության, նշանակում է, որ միջազգային հանրությունը մանրից անցնում է շանտաժի ժանրին, եւ այս շանտաժի օբյեկտը միանշանակ Հայաստանն է, որովհետեւ պատերազմը հենց մեզ` հայկական կողմին ձեռնտու չէ։ Ոչ այն պատճառով, որ մենք այդ պատերազմում տանուլ կտանք։ Քավ լիցի։ Պարզապես Ղարաբաղի նախորդ պատերազմի ընթացքում հայկական կողմը ստացել է այն առավելությունը, որ հնարավոր էր ստանալ։ Ու հիմա, եթե անգամ մենք գրավենք Կիրովաբադը, մեծ հավանականությամբ, դա միայն կմեծացնի մեր պրոբլեմները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ռ. Քոչարյանի ձեռքով Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս մղելուց հետո այդ երկիրը հետեւողականորեն իրավական բազա է ստեղծել հնարավոր պատերազմի համար։ ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն, միջազգային այլ կառույցներ իրենց փաստաթղթերում արձանագրել են, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները եւ անգամ` Լեռնային Ղարաբաղը։ Այս թղթերը, որ Հայաստանի իշխանությունները հաճախ քմծիծաղով էին ընդունում, Ադրբեջանը հատուկ նպատակով է ընդունել տվել. որպեսզի երբ պատերազմ սկսելու համար իրեն բավարար չափով ուժեղ զգա, միջազգային հանրությունը այդ գործողությունները լրջորեն դատապարտելու եւ հակաքայլերի դիմելու հիմք չունենա։ Եւ եթե այս տեսակետից ենք դիտարկում հարցը, պատերազմի համար հենց առաջիկա շրջափուլն է հարմար, քանի դեռ Թուրքիան պահպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի կարգավիճակը։ Եւ թերեւս, հենց ԱԽ-ում Թուրքիայի անդամության շրջանն են Ադրբեջանում դիտարկում որպես ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր շրջափուլ։ Ընդ որում, դիտարկվում է կարգավորման ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական տարբերակը։ Բեռնար Ֆասիեն թուրքական մամուլին տված հարցազրույցում մի անզգույշ հայտարարություն էլ է արել։ Բացառելով բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը` նա ասել է, թե այդ երկիրը փաստացի ԼՂ հակամարտության կողմ է. նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ Ֆասիեի կանխատեսմամբ, հավանական պատերազմին Թուրքիայի մասնակցությունը կդիտարկվի որպես ինքնին հասկանալի մի բան։

Ամեն դեպքում` այսօր հիմնական հարցը հետեւյալն է. արդյո՞ք մինչեւ հոկտեմբեր ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ կստորագրվի, եւ եթե ոչ` արդյո՞ք Ադրբեջանը պատերազմ սկսելու համարձակություն կունենա։ Վերջին հարցի պատասխանը, իհարկե, մեծապես կախված է Ռուսաստանից, եւ քիչ հավանական է, որ Ադրբեջանը Ղարաբաղում պատերազմ սկսի առանց Ռուսաստանի` առնվազն չեզոքության հավաստիացումների։ Թե որքանով են ռեալ նման հավաստիացումներ ստանալու` Ադրբեջանի հնարավորությունները, դժվար է ասել։ Բայց պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանին բանականությամբ հասկանալ` այնքան էլ հեշտ չէ, եւ հայ ժողովուրդը մի քանի անգամ աղետի առաջ է կանգնել այն բանի արդյունքում, որ ռուսական քաղաքականությունն ու առաջնահերթությունները փոխվել են ամենաանսպասելի պահին եւ փոխվել են ամենաանտրամաբանական ձեւով։ Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է չափազանց շրջահայաց վերաբերվենք Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը եւ մանավանդ` հասկանանք, որ վրաց-օսական պատերազմի ժամանակ Հարավային Օսիայում ռուսական գործողությունները Ղարաբաղի դեպքում բոլորովին ուրիշ իմաստ կստանան։ Նախ` չպետք է մոռանալ, որ Հարավային Օսիայում Ռուսաստանը պաշտոնապես խաղաղապահ առաքելություն էր իրականացնում եւ այնտեղ գտնվող խաղաղապահ զորք ուներ, որին օգնության հասնելու հիմնավորմամբ էլ իր զինուժը մտցրեց Հարավային Օսիա։ Ճիշտ է, Ռուսաստանը Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, իսկ ՀԱՊԿ-ն պետք է անդամ երկրներին օգնության հասնի ագրեսիայի դեպքում, բայց եթե Ռուսաստանը` որպես ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ անդամ պետություն, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մի՞թե նա որպես ագրեսիա կորակի Իլհամ Ալիեւի հարձակումը Աղդամի ուղղությամբ… Քիչ հավանական է, բայց էլի ընդգծենք, որ հարցը ամենեւին էլ իրավական չէ, այլ քաղաքական, չնայած` Ադրբեջանը այս տարիների ընթացքում հետեւողականորեն իրավական հող է ստեղծել` քաղաքական լուծումների հասնելու համար։

Կարճ ասած` պատերազմի սպառնալիքը լուրջ գործիք է Սերժ Սարգսյանին փաստաթուղթ ստորագրելուն դրդելու համար։ Իհարկե, եթե այդ սպառնալիքը հնչում է Իլհամ Ալիեւի շուրթերից, դրան, թերեւս, կարելի է լուրջ չվերաբերվել։ Բայց եթե նրա հետ սկսում են ձայնակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, սա արդեն մտահոգության տեղիք է տալիս։ Համանախագահները, իհարկե, ոչ թե սպառնում են, այլ կանխատեսում, ինչը նույնպես սպառնալիքի ձեւ է։ Եւ այդ սպառնալիքի լրջությունը կրկին կախված է Ռուսաստանի դիրքորոշումից… Ամեն դեպքում, մինչեւ հոկտեմբեր, պրոցեսները ընթանալու են «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» տրամաբանությամբ։ Հայաստանի վիճակի բարդությունը նրանում է, որ մենք կարող ենք հայտնվել ցուգցվանգի վիճակում։ Պատերազմը մեզ, իհարկե, ձեռնտու չէ, Ադրբեջանին ձեռնտու է միայն գերտերությունների «դաբրոյի» դեպքում։ Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորմանը` եթե այն տեղի ունենա, Հայաստանը կստանա կոմունիկացիաներ, ճանապարհներ, հայ-թուրքական սահման։ Բայց մյուս կողմից` ԼՂ հարցը չի կարող լուծվել այնպիսի տարբերակով, որ շոկային լինի հայկական կողմի համար։ Նման լուծում «անցկացնելն» իսկ անհնար է։ Այս պայմաններում, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական վոյաժները անիմաստ ժամավաճառություն են թվում։ Մեծ է հավանականությունը, որ ԼՂ հարցը չի կարգավորվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի, եւ էլի Հայաստանը կտապակվի իր յուղի մեջ` թեւակոխելով միջկլանային բախումների եւ քաղաքական հուզումների նոր փուլ։ Այս ընթացքում Հայաստանը կստանա բոլոր հնարավոր վարկերը, դրանք բոլոր հնարավոր ձեւերով տեղափոխված կլինեն Կիպրոսի եւ Շվեյցարիայի բանկեր։ Միակ հարցը, որ թերեւս պատասխանի է սպասում, հետեւյալն է. արդյո՞ք այս ամենի հետ նաեւ պատերազմ կստանանք։

Հ.Գ. Ստեղծված իրավիճակի նրբությունն այն է, որ պատերազմի հնարավորությունը բավականին ռեալ է, բայց մյուս կողմից` ՀՀ իշխանությունները այդ ուրվականը` պատերազմի ուրվականը, օգտագործում են ԼՂ հարցում իրենց արարքները հանրությանը «կերցնելու» համար: Նրանք ուզում են հանրային գիտակցությունը հասցնել հետեւյալ վիճակին. ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Հուլիսի 30, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Mleh
    Հուլիս 30th, 2009 at 11:53 | #1

    Bari louys, Nikol jan. Dou parzapes analytic oughegh es!

  2. Հուլիս 30th, 2009 at 12:02 | #2

    MENQ PATERAZM CHENQ UZUM, BAYC MENQ PATERAZMIC CHENQ VAXENUM…MER PAYQAR@ ARDAR E, HAXTANAK@ ANXUSAPELI

  3. Սուրեն
    Հուլիս 30th, 2009 at 13:00 | #3

    Շատ լավ հոդված էր, Նիկոլ ջան:

  4. Հայկ–PL
    Հուլիս 30th, 2009 at 13:02 | #4

    мДаааааааа,
    Նիկոլ ջան, դուրսա գալիս, որ
    փաստորեն Շեռոժին շուտով ծակն են կոխելու, թե ներսից թե դրսից…

  5. MM
    Հուլիս 30th, 2009 at 23:37 | #5

    Nikol jan, es amboxch ishxagluxner@ vor kotren, qo uxexi 10% parunakutyun@ chi durs ga.

  1. No trackbacks yet.