ԵՐԿՈՒ ՇՈՒՍՏՐԻ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԽԵԼՔԻ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իրականում բլեֆ է անում, երբ ցույց է տալիս, թե պատրաստվում է ընտրությունների արդյունքները կեղծել այնպես, որ ինքը առաջին փուլով հաղթանակ տանի: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առաջին փուլի հաղթանակը խոստացել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ըստ այդ սցենարի, ընտրությունների առաջին փուլը կեղծվելու է այնպես, որ առաջին տեղում հայտնվի Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում` Սերժ Սարգսյանը: Արթուր Բաղդասարյանի` առաջին տեղում հայտնվելն այնքան անսպասելի կլինի բոլորի համար, որ քվեարկության արդյունքների կեղծման մասին խոսակցությունները կմարեն այդ անսպասելիության մեջ: Ըստ իշխանական ծրագրի, Արթուր Բաղդասարյանն ու մնացած հայտնի թեկնածուներն էլ կընդունեն ընտրությունների առաջին փուլի օրինականությունը, իսկ երկրորդ փուլն արդեն կանցնի առանց ընդդիմության, եւ Սերժ Սարգսյանի հաղթանակը կդառնա տեխնիկայի խնդիր: Այս սցենարի շուրջ ՕԵԿ նախագահն ու Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, արդեն իսկ պայմանավորվել են: Նկատենք, սակայն, որ միավորված ընդդիմությունն ունի նման սցենար թույլ չտալու մեխանիզմներ: Ի դեպ, մերձիշխանական շրջանակներում խոսում են, որ Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին եւ նրա մերձավոր շրջապատին վերաբերող ինչ-ինչ տեսագրություններ ունի, եւ դրանք հրապարակայնացնելու սպառնալիքի տակ կառավարելի է պահում ՕԵԿ նախագահին: Խոսակցություններ կան, որ ՕԵԿ նախագահը ու նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները տարօրինակ հակումներ ունեն, եւ գործող վարչապետի ունեցած նյութերը վերաբերում են այդ հակումներին: Նշենք նաեւ, որ Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունը ցույց է տալիս, որ ամենավճռական պահերին նա արել է այն, ինչ անհրաժեշտ է եղել Սերժ Սարգսյանին: Քաղաքական ընթացիկ շրջափուլը բացառություն լինելու տարբերակ թերեւս չունի: Այնուամենայնիվ, նկատենք, որ Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, ընտրել է Գեղամյան դառնալու ճանապարհը: Բայց եթե նրան թվում է, թե փետրվարի 19-ից հետո այս տեսակը տեղ է ունենալու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, դա արդեն լուրջ վրիպում է:













