> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 15.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 15.

15. Օլե~, օլե~, օլե~…

Պետականամետ լրատվամիջոցները մեծ շուքով նշեցին այն հանգամանքը, որ Իլհամ Ալիեւի հետ Մոսկվայում ունեցած հերթական հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը բա՜րձր տրամադրություն է ունեցել։ Իհարկե` պետք է բարձր տրամադրություն ունենար, որովհետեւ հերթական անգամ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ստորագրել չտվեցին ազատագրված տարածքները անորոշ ապագայի դիմաց վերադարձնելու մասին փաստաթուղթ։ Այսքանով էլ ավարտվում է հերթական սերժանտական տոնը։ Իսկ եթե մի քիչ ավելի լայն ենք նայում մոսկովյան անպտուղ հանդիպմանը` հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանը ուրախանալու բացարձակապես ոչինչ չունի։ Եթե ԼՂ հարցի կարգավորման գործընթացը արգելակվել է, դա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերություններում էլ լճացման գործընթացն է շարունակվելու։ Առջեւում «ֆուտբոլային դիվանագիտության» հերթական ռաունդն է. Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը` ազգային հավաքականների մակարդակով, տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին` Ստամբուլից ոչ հեռու, Հայաստանից բավականին հեռու։ Կասկածից վեր է, որ Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին պաշտոնապես կհրավիրի` միասին դիտելու այդ խաղը։ Ինչպե՞ս է արձագանքելու այս հրավերին Սերժ Սարգսյանը։ Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու համար հարեւան երկիր կմեկնի, եթե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բացված լինի, կամ էլ մենք գտնվենք սահմանի բացման նախաշեմին։ Գրեթե ակնհայտ է, որ հոկտեմբերին սահմանը ոչ բացված է լինելու, ոչ էլ երկու երկրները գտնվելիս են լինելու այդ իրադարձության նախաշեմին։ Իսկ սա արդեն կոնկրետ հարց է դնում Սերժ Սարգսյանի առաջ։ Եթե նման վիճակում նա ընդունի Գյուլի հրավերը, կստացվի` ավելի է կորցնում չունեցած հեղինակությունը ու դեմքը։ Եթե հրաժարվի ընդունել հրավերը, եվրո-ամերիկացի պապաները` Սոլանան, Օբաման-բանը, կջղայնանան ու այդ դիրքորոշումը կհամարեն ապակառուցողական, էլի կհիշեն քաղբանտարկյալների մասին եւ այլն, եւ այսպես շարունակ։ Իշխանությանը, այսպիսով, մի երրորդ տարբերակ գտնելու ճանապարհն է մնում։ Ասենք` կարող են մեծ տոնախմբություն կազմակերպել` ՀՀ-ում նախագահական առաջին ընտրությունների անցկացման 18-ամյակի կապակցությամբ, եւ նշել 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելը ՀՀ առաջին նախագահի պաշտոնում։ Նման տոնական միջոցառմանը, ինքներդ եք հասկանում, Սերժ Սարգսյանը չի կարող չմասնակցել։ Ուրեմն` զբաղված է այդ օրը եւ չնայած չի մերժում Գյուլի հրավերը, բայց Թուրքիա գնալ նույնպես չի կարող…

Գոնե այսօր` ահա այսպիսին է Հայաստանի վիճակը, եւ սրա մեջ ուրախանալու ոչինչ չկա։ Ծովի մասին երազող մեր երկիրը վրաց-ռուսական պատերազմի արդյունքում զրկվել է միակ գործուն ցամաքային ճանապարհից` Վերին Լարսից, ինչի պատճառով, ահա, այս տարվա ծիրանի բերքը գործնականում չսպառված մնաց։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ ճանապարհի չգոյությունը ավելի է բարդացնում մեր վիճակը եւ հավանական դարձնում, որ ճգնաժամը դեռ երկար կմնա Հայաստանում փակված։ «Ֆուտբոլային դիվանագիտության» ստարտը հենց այս պատճառով Մոսկվայում տրվեց. ՌԴ-ն հասկանում էր, որ ռազմավարական դաշնակիցը հայտնվում է պահածոյացված վիճակում, ու նրա հետ պահածոյանում են նաեւ իր ռազմական բազաները։ Եւ ահա, որոշեց չխոչընդոտել կամ, ավելի ճիշտ` նպաստել հայ-թուրքական բանակցություններին, «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այդ դիվանագիտության արդյունքները Հայաստանի համար զրոյական են, Ռուսաստանի համար` չնչին, ու եթե մինչեւ հոկտեմբեր Թուրքիան սահմանը չբացի, հաշվի մեջ առաջ կանցնի անպարկեշտ չափով։

Իսկ թե ինչպիսին կլինի Հայաստանը վերը նկարագրված պայմաններում, դժվար չէ կռահել։ Վերջին շրջանում մեր երկրում արձանագրված միջկլանային բախումները պատահական չեն։ Սերժ Սարգսյանի ավազակախմբի անդամները պատահական չեն պայթեցնում միմյանց. դրա համար կան հիմնավոր պատճառներ։ Խնդիրն այն է, որ քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսության ծավալները փոքրացել են, եւ ուրեմն` փոքրացել են նաեւ օլիգարխիական տների եկամուտները։ Այս պրոցեսը կարող է կործանարար դառնալ այդ տների համար. նրանց մեծ փողեր են պետք սափրագլուխների բանդաները կերակրելու, իրավապահ մարմիններին եւ պետական այլ կառույցների գնված պահելու, ընտրակեղծարարների կարիքները հոգալու, ընտրակաշառքային ֆոնդերը համալրելու համար։ Իսկ փողը, ինչպես ասացի, պակասել է երկրում եւ ոչ բոլորին է հերիքում։ Այս պայմաններում, օլիգարխիական տներին այլ բան չի մնում, քան նվաճողական պատերազմներ մղել ուրիշ տների դեմ` նրանցից տնտեսական ոլորտներ, փողոտ պաշտոններ խլելու համար։ Այս պրոցեսը դեռ ինչ-որ տեղ զսպվում է հայ-թուրքական սահմանը բացվելու հույսով։ Իշխանությունը հույս է տալիս օլիգարխներին, թե սահմանը շուտով կբացվի, եւ կրկին կերակրատաշտում բավարար չափով ավար կլինի, որը կհերիքի բոլորին։ Երբ այս հույսը հօդս ցնդի, այսինքն` օլիգարխիան հասկանա, որ տեսանելի ապագայում սահմանը չի բացվելու, սկսելու են պայթեցնել իրար, ոչ թե անձնական ատելությունից, այլ կլանը հաստատուն պահելու մղումից դրդված։ Դժվար չէ կռահել անգամ, թե ով է լինելու այս պատերազմի առաջին զոհը. դրա մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի խոսում…

Բայցեւայնպես, այս պրոցեսի ամենամեծ զոհը լինելու է ՀՀ շարքային քաղաքացին։ Տնտեսության կենտրոնացումը ավելի քիչ տների ձեռքում ավելի է մեծացնելու աղքատությունը եւ գործազրկությունը` ավելի անհնար դարձնելով Համախառն ներքին արդյունքի արդարացի բաշխումը։ Այս բեւեռացումն էլ, իր հերթին, ավելի է քայքայելու պետության հիմքերը, որովհետեւ միայն խորացնելու է ՀՀ քաղաքացիների` տնվորի կարգավիճակը։ Մեծ հաշվով, այո, հայ-թուրքական սահմանի բացումը այս պայմաններում օդ ու ջրի նման է հարկավոր Հայաստանին` վերը նշված անկանխատեսելի պրոցեսները զսպելու համար։ Բայց սա հասկանում են նաեւ թուրքերն ու ադրբեջանցիները, ովքեր փակուղի են մտցրել Ս. Սարգսյանին` ԼՂ հարցն ու սահմանի բացումը կապելով իրար հետ։ Սարգսյանի փակուղին, սակայն, Հայաստանի փակուղին չէ, որովհետեւ վերը նկարագրված վիճակը հնարավոր է հաղթահարել, եթե երկրում հաստատվի օրինական իշխանություն, որը հոգ կտանի Ազգային արդյունքի արդարացի բաշխման, օրինականության հաստատման եւ ուրեմն` քաղաքացիական համաձայնության մասին։ Նման քայլեր կարող է անել միայն ժողովրդի վրա հիմնված, ժողովրդի կողմից ձեւավորված իշխանությունը, ինչպիսին Սերժ Սարգսյանի իշխանությունը չի եղել, չկա եւ չի լինի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

(շարունակելի)

Հուլիսի 29, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Հայկ
    Հուլիս 29th, 2009 at 12:27 | #1

    Նիկոլ ջան սրանց իշխանության փուչիկը կամաց–կամաց «թսկում» է, շուտով ՀԱԿ–ին բան չի մնա անելու, բացի դրանց լեշերը թաղելուց։
    Նախկին աշխատավայրում մի լավ կոլեգա ունեի, ով ամեն անգամ երբ լսում էր թե այսինչ պաշտոնյայի որդին այնինչ բիզնեսմենի հետ «ստրելկա» է արել, ուրախանում էր ու ասում էր. «Ջա՜ն, իրար վերացրեք, ինչքան շուտ ու ինչքան շատ էնքան մեր օգուտնա»…

  2. pord
    Հուլիս 29th, 2009 at 13:37 | #2

    … Դժվար չէ կռահել անգամ, թե ով է լինելու այս պատերազմի առաջին զոհը. դրա մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի խոսում

    Ճիշտն ասած ես չգիտեմ և շատ հետաքրքրեց թե ո՞վ նա, ո՞վ է լինելու այդ պատերազմի առաջին զոհը, ո՞վ է օլիգարխը

  3. MM
    Հուլիս 29th, 2009 at 21:30 | #3

    HH-um arachin naxagahakan @ntrutyunneri 18amyaki tonakatarutyun@ han&arex gaxapar e, patkeracnum em serji urax u garsheli demq@ ayd aritov.Nikol -spanum es!

  4. AG
    Հուլիս 29th, 2009 at 21:40 | #4

    DODI GAGON.

    INCHPES ASAC LTP N 1 U KES TARI ARAJ “DODI GAGON BOMJE DARNALU”. SKSEL EN YERICYANNERIC, KAMAC KAMAC KANCNEN DODI KALVACQNERIN. SRANC MOT KOLEGA HARGANQ MARGANQ CHKA. SHAKALNERI PES HENC UTELIQ@ PAKASUM E, IRAR KOKORD EN SKSUM KRCEL VOR KOXKINI VORS@ IRNC@ LINI.

  5. MM
    Հուլիս 29th, 2009 at 22:33 | #5

    Verchapes amenayuxot patarn aysor- Dodn e.

  6. Հայկ
    Հուլիս 30th, 2009 at 02:36 | #6

    դուրս եկավ օլիգարխիկ տներ հասկացությունը, միջնադարում դրանք կոչվում էին իշխանական կամ նախարարական տներ: Իրարից շատ չեն տարբերվում, այն ժամանկ էլ էին իրարա կոկորդ կրծում: Ցավոք արդյունքում երկիրն ու ժողովուրդն է միշտ տուժում: Այսինքն ուրախանալու կամ քմծիծաղելու բան չկա: Խնդիրը այն է, որ այդ հասկացությունը հանվի: Իսկ դա անելու համար հարկավոր է ժողովրդավարություն այլ ոչ թե իշանություն կամ իշխանավարություն:

  7. Հակոբ (Չեխիա)
    Օգոստոս 1st, 2009 at 13:36 | #7

    @pord
    Չիբուռաշկեն, էլ ո՞վ …

  1. No trackbacks yet.