> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 14.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 14.

14. «Հայլուրից» հետո` թեկուզ ջրհեղեղ

Նիկոլը Մյասնիկյանի արձանի դիմացԵրբ ասվում է, թե Սամվել Նիկոյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իրականում ոչ թե 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցածը բացահայտելու, այլ ճշմարտությունը կոծկելու համար է ստեղծվել, համոզված եմ` շատերը մտածում են, թե նման բնորոշման մեջ որոշ չափազանցություն, այնուամենայնիվ, կա։ Սույն նյութով ապացուցելու եմ, որ Սամվել Նիկոյանը սովորական կեղծարար է, հանուն պաշտոնի ամենաստոր կեղծիքների ընդունակ արարած, եւ սա այլեւս չի կարող կասկածի տակ դնել ոչ ոք։ Անցնեմ գործի, ուրեմն, հիմնավորելու համար այս պնդումը…

Նիկոյանը հերթական շշմեցնող բացահայտումն է արել 2008-ի փետրվարին Ազատության հրապարակում մեր անցկացրած շուրջօրյա հանրահավաքների մասին։ Մեկուկես տարի ուսումնասիրելուց հետո պարզել է անպարզելին. Մարտի լույս 1-ի գիշերը Ազատության հրապարակում անչափահաս աղջիկ երեխա է եղել։ Նիկոյանն, իհարկե, չի մանրամասնում, որ երեխան ծնողի հետ է եղել։ Բայցեւայնպես, հարց է ծագում` ինչո՞ւ է նշված փաստը այդքան հուզել Մարտի 1-ի արյունը կոծկելու գնով ԱԺ փոխնախագահ դարձած Նիկոյանին։ Այս խնդիրը նա պարզաբանել է «Հայկական ժամանակին» տված հարցազրույցով, որ թերթում տպագրվել է 21.07.09-ին։ Մեջբերենք մի հատված այդ հարցազրույցից. «Եթե հիշում եք, այն մի կոշիկը, որ այն կինը վերցրեց եւ թափահարում էր, թե իբր` տեսել է, թե ինչպես են աղջիկ երեխայի սպանել, այդ ամենը հասարակության մեջ լուրջ վրդովմունք առաջացրեց։ Ես ինքս էլ շատ էի վրդովվել, որովհետեւ ինչպե՞ս կարելի է աղջիկ երեխային սպանել։ Այդ ամենը հասարակության մեջ լուրջ վրդովմունք առաջացրեց։ Դա տեխնոլոգիա է, որը կիրառել են ցույցը կազմակերպող ղեկավարները` անչափահաս երեխաներին ներգրավելով քաղաքական միջոցառումների մեջ»,- ասել է Նիկոյանը «ՀԺ»-ի հարցին ի պատասխան։ Փորձենք հասկանալ, թե ինչն է այս մարդու բարբառածի իմաստը։ Ըստ Նիկոյանի, երբ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդի մեջ ինչ-որ մի կին մանկան կոշիկ թափ տալով հայտարարել է, որ առավոտյան հարձակման ժամանակ ոստիկանները Ազատության հրապարակում երեխա են սպանել, ահա այս լուրերի տարածումը կազմակերպել ենք մենք` ընդդիմության ներկայացուցիչներս` ժողովրդին գրգռելու համար։ Սա է Նիկոյանի ասածը։

Որպես կանոն, այսօրինակ մեղադրանքների անհեթեթ լինելը հեշտ չէ կոնկրետ փաստերով ապացուցել։ Բայց տվյալ դեպքում, առկա են անհերքելի, երկաթյա ապացույցներ, որ Նիկոյանը կեղծարար է ու ստախոս։

Բանն այն է, որ «Մարտի 1-ի» քրեական գործի նյութերում առկա է այդ դրվագին առնչվող իմ հայտարարության տեսագրությունը։ Հայտարարության տեքստն էլ դրված է Նիկոյանի դարակում, ու նա, այդ փաստերը ձեռքի տակ ունենալով, դիմում է բացահայտ կեղծիքի։ Պարզաբանեմ. հենց այն ժամանակ, երբ իշխանական սադրիչները Մյասնիկյանի արձանի մոտ տարածում էին ինչ-որ երեխայի սպանված լինելու մասին ստահոդ լուրեր, պնդելով, որ երեխային սպանել են ոստիկանները, ահա այդ ժամանակ հարթակից արել եմ հետեւյալ հայտարարությունը. «Ժողովուրդ ջան, եկեք այսպես անենք, հա՞. մինչեւ որեւէ բան վերջնականապես չի ճշտվում, չենք տարածում իրար մեջ։ Ես այս պահին հեռուստացույցով եմ հետեւում. չկա այդպիսի տեղեկատվություն` առայժմ։ Փառք Աստծո, նման տեղեկատվություն չկա, որ զոհ է եղել։ Ուրեմն` էլի եմ ասում. փառք Աստծո, որ ոչ մի զոհ էլ չենք ունեցել, ոչ մի զոհ։ Այս պահի դրությամբ, տեղեկատվությամբ` չկա։ Վերջացնենք այդ խոսակցությունները»։ Սամվել Նիկոյանը չէր կարող չիմանալ 2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի հարթակից իմ արած այդ հայտարարության մասին, որովհետեւ նրա հանձնաժողովին փոխանցված նյութերում տեսագրությունը առկա է։ Եւ ուրեմն` հարց է ծագում, ինչո՞ւ է այսպես լկտի կերպով խեղաթյուրում փաստերը. մի պարզ պատճառով` դա իր կոչումն է, իր պաշտոնի գինը, իր հանձնաժողովական գործառույթը։ Նիկոյանը ընդդիմությանը մեղադրում է երեխայի սպանված լինելու մասին կեղծ լուրը տեխնոլոգիական նպատակով տարածելու մեջ. մինչդեռ` այդ մենք ենք հրապարակայնորեն կասեցրել այդօրինակ լուրերի տարածումը, եւ այս փաստը արձանագրված է անգամ «Մարտի 1-ի» քրեական գործի նյութերում։ Այսպիսով ստացվում է, որ Նիկոյանն ինքն է գործի դրել ստի եւ կեղծիքի տեխնոլոգիան։

Բայց սա տվյալ իրավիճակի միակ զավեշտը չէ։ Բանն այն է, որ հատուկ քննչական ծառայությունը, որն ինչպես հայտնի է, ինձ կալանքի տակ է պահում «Մարտի 1-ի» գործով, իմ` վերը բերված հայտարարությունը դիտարկում է որպես հզոր հանցանշան, որ ապացուցում է իմ մեղավոր լինելը։ ՀՔԾ վարկածով, դա մի դրվագ է, որ պարզորոշ ցույց է տալիս, որ ես զանգվածային անկարգություններ եմ կազմակերպել։ Այս իրավիճակը շատ է հիշեցնում 2008-ի փետրվարի 25-ին երկու զույգ ոստիկանների կողմից իրարից անկախ կազմված երկու տարբեր արձանագրությունները։ Եթե հիշում եք, այդ նույն օրը երկու ոստիկաններ արձանագրություն էին կազմել, որ իմ գտնվելու վայրը հայտնի չէ, իսկ երկու ուրիշ ոստիկանի կազմած արձանագրությունից տեղեկանում ենք, որ նրանք ինձ փորձել են ծանուցագիր հանձնել, բայց ես նրանց թույլ չեմ տվել ինձ մոտենալ։ Հիմա էլ` Նիկոյանը մեզ մեղադրում է մանկան սպանված լինելու մասին ստահոդ լուրեր տարածելու, իսկ ՀՔԾ-ն` այդ լուրերը չարամիտ կերպով եւ առանձնակի դաժանությամբ հերքելու մեջ… Եւ այս ամենը արվում է դեմքի բացարձակ լուրջ արտահայտությամբ։ Այս ամենը այլ կերպ, քան հանցավոր ֆարս` դժվար է որակել։

Մինչ օրս դատապարտված քաղբանտարկյալների մեղադրանքները դատախազությունը հիմնավորել է ինձնով. Նիկոլ Փաշինյանը այս արեց, Նիկոլ Փաշինյանը այն արեց, Նիկոլ Փաշինյանը բռնության կոչեր հնչեցրեց. հայտարարում էին իշխանությունները` այդպես հիմնավորելով իմ ընկերներին դատելու անհրաժեշտությունը։ Հիմա ինքս եկել եմ բանտ, եւ իշխանությունը հիմար վիճակում է հայտնվել, որովհետեւ այն, ինչ վերագրվել է ինձ` իմ ընկերների դատավարության ընթացքում, հիմա պետք է ապացուցել։ Իսկ դա անհնար է, որովհետեւ չեղած բանը հնարավոր չէ ապացուցել, որովհետեւ մեղադրանքներից յուրաքանչյուրը շինծու է, եւ բնության մեջ գոյություն չունեն դրանք հիմնավորող ապացույցներ։

Նման մանրուքները, իհարկե, չեն հետաքրքրում Նիկոյանին եւ նրա կոլեգաներին։ ՀՀ ոստիկանության պետի գրեթե բոլոր տեղակալները, կարծեմ` նաեւ մարտիմեկյան ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Նիկոյանական հանձնաժողովում իրենց պարտքն են համարել հայտարարել, թե ես` Նիկոլ Փաշինյանս, 2008-ի մարտի 1-ին բռնության կոչեր եմ արել։ Խորհրդարանի անաչառագույն հանձնաժողովում այդպես էլ չգտնվեց մեկը, որ ոստիկանական գեներալիտետին խնդրի մեջբերել իմ արած բռնության կոչերից որեւէ մեկը, մեջբերել բառացի եւ ստույգ։ Նման խնդրանքով հանձնաժողովականները գեներալիտետին չեն դիմել ոչ թե այն պատճառով, որ չեն ֆայմել, այլ այն պատճառով, որ գիտեն` գեներալները, այդ հարցին ի պատասխան, պետք է պապանձվեին։ Բայց դե` Նիկոյանական հանձնաժողովը հենց դրա համար էլ ստեղծվել է, որ ով ինչ ասես դուրս տա, ու այդ դուրս տվածը հայտնվի «Հայլուրի» եթերում։ Իսկ «Հայլուրից» հետո` թեկուզ ջրհեղեղ…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

(շարունակելի)

Հուլիսի 28, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Levon
    Հուլիս 28th, 2009 at 01:23 | #1

    Ays hancagorcner@ ishxanutyun@ zavtel en stov yev kexciqov, dra hamar el ayn pahum en sti u kexciqi mijocov. Yev amenacavalin ayn e, vor bolor@ giten, vor nranq stum en, bayc vaxic miayn mec mas@ lrum e. Haxtanak@ klini ayn zhamanak, yerb totapen antarberutyan yev vaxi zgacum@.

  2. Samvel
    Հուլիս 28th, 2009 at 01:30 | #2

    NIKOL JAN nikoyan@ pasportov B-I txa e B-I txa ETE IHARKE txa e

  3. MM
    Հուլիս 28th, 2009 at 04:29 | #3

    Nikol jan, ov a Haylur nayum, vor du es achqerd pchacnum. Isk VARUNG nikoyani asacnern el, en xozi cnotic heto, voch-voq lurj chi verabervum. Aroxchutyand hetevi! Menq qez het enq! PAYQAR,PAYQAR MINCHEV HAXTANAK!!

  4. Սուրեն
    Հուլիս 28th, 2009 at 12:47 | #4

    Ոչինչ հավերժ չէ: Սրանց իշխանությունն էլ հավերժ չի կարող լինել: Սրանք իրանցից հետո ի՞նչ պիտի թողնեն իրանց երեխաներին: Միայն ամոթ: Ամոթ, որ այդպիսի ստոր ծնողներ են ունեցել:

  5. Հայկ
    Հուլիս 28th, 2009 at 17:14 | #5

    Սուրեն :
    Ոչինչ հավերժ չէ: Սրանց իշխանությունն էլ հավերժ չի կարող լինել: Սրանք իրանցից հետո ի՞նչ պիտի թողնեն իրանց երեխաներին: Միայն ամոթ: Ամոթ, որ այդպիսի ստոր ծնողներ են ունեցել:

    Սուրեն ջան, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Պտուղը ժառից հեռու չի ընկնում» եթե իհարկե ծառը զառիթափին չի աճել։
    Էնպես որ վախենամ ամոթ ասվածը դրանց ընդհանրապես չհետաքրքրի։

  6. Marianna
    Հուլիս 28th, 2009 at 17:49 | #6

    dranc iroq vor amot asvac@ chi hetaqrqrum, isk inchi Nikoyani nman takanq vochnchutyan@ piti hetaqrqri amot@……

  1. No trackbacks yet.