> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 13.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 13.

13. Չեպե` չեպեի հետեւից

Նիկոլ Փաշինյանը դատախազությունում.01.07.200912 տարվա ազատազրկման դատապարտված մի կալանավոր գարնանը հաջողացրել էր փախուստի դիմել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին մամուլը ժամանակին գրել է։ Երբ ինքս հայտնվեցի այս ՔԿՀ-ում, «մուշտարու աչքով», որքան հնարավոր է, ուսումնասիրեցի տարածքը` հասկանալու համար, թե այդ ինչպես է հնարավոր այստեղից փախուստի դիմել։ Եզրակացություններ անելու համար երկար ժամանակ պետք չէ, որովհետեւ անզեն աչքով էլ նկատելի է, որ այստեղից փախուստի դիմելը չլինող գործ է։ Դրա համար հարկավոր է կամ հանճար լինել, կամ էլ աջակցություն ստանալ ՔԿՀ ղեկավարությունից։ Առավելեւս, այս պարագայում հարց է ծագում, թե ինչպես է վերը նշված կալանավորը հաջողացրել այդ փախուստը, ո՞ր տարբերակն է տեղ գտել իրականության մեջ։

Ինչպես հայտնի է, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ԱԱԾ նախկին մեկուսարանն է եւ ուրեմն` գտնվում է ԱԱԾ շենքում։ ԱԱԾ-ն եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ընդհանուր ներքին բակ ունեն։ Ներքին բակում արդեն երկար ժամանակ շինարարություն է ընթանում։ Այդ շինարարությունը երբեմն գլուխներս տանում է, երբ գործի է դրվում օդամղիչ մուրճը։ Ըստ լուրերի` շինարարության հենց մեկնարկից ՔԿՀ վարչակազմը որոշ թվով կալանավորների տանելիս է եղել այնտեղ աշխատելու։ Մենք` կալանավորվածներս, տեղեկացնեմ, սովորական հագուստ ենք կրում` ում ինչ հարմար է, կամ, ավելի ճիշտ, ով ինչ ունի։ Կալանավորների հատուկ հագուստ գոյություն չունի. օրենքով է նախատեսված, որ կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը։ Ահա, ուրեմն, շինարարության վրա աշխատող կալանավորը ոչնչով չի տարբերվում մնացած վարպետներից կամ բանվորներից։ Թերեւս, մի քանի անգամ ԱԱԾ ներքին բակում աշխատող շինարարների մեջ հայտնվելուց հետո է փախուստի դիմած կալանավորը հասկացել, որ շանս կա, քանի որ ներքին բակից Խանջյան փողոցում հայտնվելու համար հարկավոր է ընդամենը մեկ դարպաս հաղթահարել, որը օրվա ընթացքում մի քանի տասնյակ անգամ բացվում-փակվում է` այստեղով է հիմնականում իրականացվում ԱԱԾ եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մեքենաների ելումուտը։ Այս դարպասով են ելումուտ անում նաեւ շինարարության վրա աշխատող բանվորներն ու վարպետները։ Դարպասի մոտ, ճիշտ է` պահակակետ կա, որտեղ հերթապահում է զինված ենթասպա, բայց նա, բնականաբար, չի ճանաչում ՔԿՀ կալանավորներին, որովհետեւ նրանց հետ չի առնչվում։ Ահա, ասում են, փախուստի դիմած անձը, որոշ ժամանակ աշխատելով շինարարության վրա եւ սպասելով իրեն հսկող վերակացուի զգոնության բթացմանը` հանգիստ մոտեցել է պահակակետին եւ հերթապահ ենթասպայի աչքի առաջ դուրս եկել կիսաբաց դարպասից։ Հերթապահ ենթասպային սա տարօրինակ չի թվացել, որովհետեւ օրը մի քանի անգամ այստեղով շինարարներ են ելումուտ անում, գնում են ծխախոտ կամ ուտելիք գնելու։ Կալանավորված անձը, ահա, հանգիստ դուրս է եկել Խանջյան փողոց եւ հեռացել անհայտ ուղղությամբ։ Որքան տեղյակ եմ, մինչեւ օրս նրան չեն էլ հայտնաբերել։ Փոխարենը, ՔԿՀ ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. փոխվել է մեկուսարանի պետը եւ այլ պաշտոնյաներ։ Նրանցից ոմանք որպես մեղադրյալ են անցնում կալանավորված անձի փախուստի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրանք իրավունք չունեին կալանավորված անձին ՔԿՀ տարածքից դուրս բերել, առավելեւս, ներգրավել շինաշխատանքի մեջ, առավելեւս` թողնել առանց պատշաճ հսկողության։ Ամեն դեպքում, հենց վերը նկարագրվածն է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից 2009-ի գարնանը տեղի ունեցած փախուստի շրջանառվող վարկածը, փախուստ, որ ասում են` միակն է այս բանտի ստեղծման օրից։ Իսկ այս բանտը ստեղծվել է 20-րդ դարի 20-ական թվականներին, տեսել բազմաթիվ չեպեներ, բայց փախուստ, փաստորեն, ընդամենը մեկ անգամ։

Դժվար է ասել` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում ինչ հաճախականությամբ են արտակարգ պատահարներ լինում, բայց ինձ հետ կապված մի արտակարգ պատահար արդեն իսկ գրանցվել է։ Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ համապատասխան մարմինները ինձ բերած հանձնուքի մեջ «կանտրաբանդա» էին հայտնաբերել` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու գրքերի` «Վերադարձ» եւ «Հայ-թուրքական հարաբերություններ»։ Գրքերը առգրավել էին իմ հանձնուքից եւ ինձ հանձնեցին միայն հաջորդ օրը, միայն այն բանից հետո, երբ ես, պատահաբար տեղեկանալով, որ հանձնուքիս մեջ գրքեր են եղել, պահանջեցի դրանք։ Թե ինչ ռադիոակտիվ, ուլտրամանուշակագույն ճառագայթային զննության էին ենթարկել այդ գրքերը, դժվար է ասել։ Բայց որ դրանց հայտնվելու մասին զեկուցվել է ամենավերին օղակներին, ակնհայտ է, եւ թերեւս Անվտանգության խորհրդի հատուկ նիստում է որոշվել այդ գրքերի մուտքը ռեժիմային գոտի թույլատրել։ Բայց մեր հատուկ ծառայությունները, այնուամենայնիվ, լավ չեն աշխատում եւ չէին կարողացել օպերատիվ տեղեկություններ ստանալ այն մասին, որ հանձնուքում առկա ծիրանը նույնպես առնչվում էր Տեր-Պետրոսյանի հետ, այնքանով, որ աճեցվել է նրա այգում։ Հիմա արդեն այս տեղեկությունը կարելի է գաղտնազերծել, որովհետեւ կոնսպիրատիվ ծիրանը կերել-վերջացրել եմ… Հա, էս վերջերս տեղեկացա, որ Ղարաբաղում թռուցիկներ են տարածում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հանձնել է Գետաշենը, Շահումյանը, Գյուլիստանը։ Սա, իհարկե, շատ տրամաբանական եւ պետականամետ թռուցիկ է։ Շուշին Սերժ Սարգսյանն է գրավել, իսկ Շահումյանը հանձնել է Տեր-Պետրոսյանը։ Լաչինն ու Քելբաջարը գրավել են Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը, իսկ Գետաշենը` Տեր-Պետրոսյանը հանձնել է։ Կարճ ասած, այն, ինչ գրավվել-ազատագրվել է` դրա հեղինակը ավազակապետության այսօրվա գլավարներն են, կորուստների հեղինակը` Տեր-Պետրոսյանը։ Վերցնենք, օրինակ, բանակը. այն ստեղծել է Սերժ Սարգսյանը, կայացրել-հզորացրել է այն, իսկ կոռուպցիան այնտեղ` բանակում, Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից է սկսվել։ Որ Ստեփանակերտը միշտ էլ մշտական էլեկտրական հոսանք է ունեցել` դա Քոչարյանի շնորհքն է, իսկ Տեր-Պետրոսյանի ղեկավարած երկրում ցուրտ էր եւ մութ։ Անհասկանալի է միայն, թե ինչու Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանում ղարաբաղցիներին պաշտում էին, իսկ հիմա` եկեք ավելի լավ է` չասեմ։ Չնայած` սրա «մեղավորն» էլ Տեր-Պետրոսյանն է. եթե նա Քոչարյանին վարչապետ չնշանակեր, Ղարաբաղը մինչեւ հիմա բանակցային գործընթացի մասնակից կլիներ եւ կասեր, որ Ղարաբաղը պետք է ունենա առնվազն 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

Բայց քանի որ Տեր-Պետրոսյանի շնորհիվ բանակցային գործընթացի լիարժեք եւ լիիրավ կողմ հանդիսացող Ղարաբաղին ղարաբաղցիները դուրս մղեցին բանակցային գործընթացից, ու հիմա ղարաբաղցի շատ դեմքեր շատ մոտ են Հայաստանյան իշխանական կերակրատաշտին, Ղարաբաղը, ահա, որդեգրել է «Կեր ու սուս» տարբերակը, չնայած` այն ժամանակ էլ առանձնապես սոված չէին ղարաբաղցի իշխանավորները։ Բայց ինչպես ասում են` ախորժակը ուտելիս է բացվում, ավելի շատ ուտելիս` ախորժակը ավելի է բացվում, եւ այսպես շարունակ` մինչեւ կերկոխ լինելը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

(շարունակելի)

Հուլիսի 24, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Levon
    Հուլիս 24th, 2009 at 05:41 | #1

    Apres Nikol jan, shat jisht verlucecir, miayn chem haskanum, te inchu e lrum Karabaxi zhoxovurd@, mite aydqan vaxecac yev strkacac en.

  2. Հակոբ (Չեխիա)
    Հուլիս 24th, 2009 at 08:23 | #2

    … կոնսպիրատիվ ծիրանը … Նիկոլ ջան էսի վերջն էր:))))))

  3. AG
    Հուլիս 24th, 2009 at 09:57 | #3

    NIKOL JAN, AXR AYD CIRAN@ NRANQ SHAT KUZENAIN XJREL, YETE IMANAIN TE VORTEGHIC E BERVAC. CHNAYAC KAROXA CIRANI ARDAR NEKTAR@ NRANC MTAGNAC U QAXCQEGHOV TARAPOGH UGHEGHNERIN MI QICH LUYS TAR. EEEEEEEEEH ELI @NKA YERANUTYAN GIRK@, UGHEGH TEGHIC PITI UNENAS VOR HETO MTAGNI. HAMEL, NIKOL JAN, TAREL EN GRQERT UZECEL EN KARDAL, BAYC CHI STACVEL, TARER@ ANCANOT EN, ISK BARER@ IRENC BARARANUM CHKAN VOR TARGMANEN (TXMAREREN, NORASTEGHC LEZU HATUK AYSORVA HAYASTANYAN ISHXANAVORNERI HAMAR).

  4. Հայկ
    Հուլիս 25th, 2009 at 00:02 | #4

    ՇԱՏ ԱՊՐԵՍ ՆԻԿՈԼ ՋԱՆ։ ՇԱՏ ԼԱՎ ԵՍ ԳՐՈՒՄ։
    1+

  5. MM
    Հուլիս 25th, 2009 at 00:50 | #5

    Nikol jan, mtacum em, te inch anenq, vor ed odamxich mur&@ pchana, u gluxd chtani. Mez shat karevor e, vor du hangist u barekacik paymannerum apres! Vor karoxanas grel, che vor anhamber spasum enq. AROXCHUTYUN QEZ!

  6. Աշոտ
    Հուլիս 25th, 2009 at 17:50 | #6

    Նիկոլ ջան հիանալի էր, ապրես:

  1. No trackbacks yet.