> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 12.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 12.

12. Առերեսում «Հայլուրի» համար

«Մարտի 1-ի» գործի ստեղծագործական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ քննիչ Վաղինակ Մկրտչյանը հուլիսի 16-ին ինձ հրավիրեցին առերես հարցաքննության։ Երբ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեսակցությունների եւ հարցաքննությունների սենյակ մտա, այնտեղ էին իմ փաստաբան Արա Զաքարյանը, քննիչները եւ այն վկան, որի հետ պետք է առերես հարցաքննվեի։ Սեղանի վրա` քննիչի դիմաց, տեսախցիկ կար դրված։ Ես նստեցի ինձ համար նախատեսված տեղը, Վ. Մկրտչյանը ինչ-որ թղթի վրա մեկ-երկու բառ գրեց, ապա վեր կացավ, տեսախցիկը տեղադրեց իմ դիմացի պատուհանագոգին եւ դա արեց այնպես, որ նկարահանման ժամանակ ես կադրի մեջ երեւամ դեմքով, իսկ ինձ հետ առերեսվող վկան` մեջքով։ Ինձ տեղեկացրին, որ առերես հարցաքննությունը պետք է տեսագրվի, եւ ակնհայտ դարձավ, որ ոչ թե առերեսում է տեղի ունենալու, այլ պատրաստվելու է հատուկ ռեպորտաժ «Հայլուրի» համար։ Այդ պահին ինձ հասկանալի դարձավ, թե ինչու նույն օրը առավոտյան դժվարություններ ունեցա սափրիչս ստանալու հարցում։ Խնդիրն այն է, որ մեր` կալանավորվածներիս սափրիչները պահվում են ՔԿՀ տնտեսական մասում, եւ շաբաթվա որոշակի օրերի տրվում են մեզ` սափրվելու համար։ Հուլիսի 16-ը սափրվելու օր էր, բայց ի հեճուկս սովորույթի, այդ օրը առավոտյան սափրիչներ չստացանք։ Վերակացուին խնդրեցի սափրիչս բերել, բայց ինձ տեղեկացրին, որ տվյալ պահին դա հնարավոր չէ։ Ինչ-որ ժամանակ սպասեցի, ապա նորից խնդրեցի սափրիչս։ Էլի չբերեցին` ինչ-որ պատրվակով։ Այնուամենայնիվ, ինձ հաջողվեց սափրիչը ստանալ, բայց 4-րդ կամ 5-րդ փորձից։ Եւ հետահայաց դժվար չէ կռահել, որ ՀՔԾ-ից էին ՔԿՀ վարչակազմին խնդրել` ինձ առերեսման ներկայացնել հնարավորինս անթրաշ։ Իմ` անթրաշ լինելը առանձնակի շուք կտար «Հայլուրի» ռեպորտաժին եւ կցուցաներ, թե «պետական հանցագործը» ինչպես է խեղճացել «փաստերի ճնշման տակ»։ Այն, որ առերեսման անվան տակ տեղի էր ունենալու «Հայլուրային» ռեպորտաժի նկարահանում, վկայում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 215 հոդվածը, որը սահմանում է, թե որ դեպքերում են առերես հարցաքննություններ տեղի ունենում։ Ըստ այդմ, առերեսվել կարող են նախկինում հարցաքննված երկու այն անձինք, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան։ Կոնկրետ իմ դեպքում, որեւէ մեկի հետ առերես հարցաքննություն տեղի ունենալ չէր կարող, այն պարզ պատճառով, որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, եւ ուրեմն` չէր կարող որեւէ վկայի տված ցուցմունքում էական հակասություն լինել իմ ցուցմունքների հետ։ Սա ինքնին նշանակում է, որ առերեսման անվան տակ ոչ թե իրավական արարողակարգով նախատեսված ինչ-որ գործողություն էր տեղի ունենալու, այլ հայտնի տեղերում պատվիրված շոու։ Եւ ուրեմն` ես անվրդով սպասեցի, մինչ քննիչ Վաղինակ Մկրտչյանը տեսախցիկը նախապատրաստեց աշխատանքի եւ միացրեց այն։ Բռունցքս վեր պարզած, ուղիղ տեսախցիկի օբյեկտիվին նայելով` ասացի այն ամենը, ինչ կասեի Ազատության հրապարակում հայտնվելու պարագայում։ Ասացի այն ամենը, ինչ մտածում եմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի, Վահագն Հարությունյանի, Վաղինակ Մկրտչյանի մասին։

Իհարկե, չեմ կարող ասել, որ դա իմ լավագույն ելույթն էր։ Չեմ կարող ասել նաեւ, թե դա լավ ելույթ էր ընդհանրապես` կատարման առումով։ Բայց դե, արդարացում էլ ունեմ` դրանից հինգ րոպե առաջ մտքովս անգամ չէր անցնի, որ ՀՔԾ-ն նման անակնկալ էր պատրաստել ինձ համար։ Իմանայի` վերնաշապիկ ու փողկապ էլ կհագնեի, մազերս ավելի խնամքով կհարդարեի։ Բայց տվյալ իրավիճակում այս ամենը էական չէ։ Էականն այն է, որ ասացի, որ Սերժիկ-Ռոբիկ զույգը մարդասպան է, եւ որ մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այդ զույգը պատասխան չի տվել պետության եւ ժողովրդի առաջ գործած հանցանքների համար, ընդգծեցի Աղվան Հովսեփյանի, ինչպես նաեւ նրա քննիչներ Վահագն Հարությունյանի եւ Վաղինակ Մկրտչյանի հանցագործ լինելու հանգամանքը։ Ի դեպ, քննիչները ոչ այնքան իրենց հասցեին հնչած որակումներից էին նեղվում, որքան Աղվան Հովսեփյանի մասին իմ ասածներից։ Փորձում էին պաշտպանել շեֆին, ինչից հասկացա, որ երեկոյան նրա մոտ նկարահանման դիտում է նախատեսված։ Ինքներդ եք հասկանում, եթե W-ն տեսնի, որ ՀՔԾ քննիչները իրեն պաշտպանելու համար բավարար միջոցներ չեն ձեռնարկել, դա կարող է վատ ազդել նրանց հետագա կարիերայի վրա։ Չնայած, հիմա էլ համոզված չեմ, թե գլխավոր դատախազը գոհ կմնա ՀՔԾ քննիչների պաշտպանությունից, որովհետեւ, անկեղծ ասած, չի կարելի ասել, թե այն ստացվեց։ Ինքներդ եք հասկանում. 1.4 տարի իշխանություններին ուղիղ դիմելու առիթ չէի ունեցել, եւ այս գործը արեցի կուտակված եռանդով։ Բայց միայն նեգատիվ տարրեր չէր պարունակում ելույթս. ասացի, իհարկե, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, որ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք։ Ասացի` կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Ու, քանի որ, անկեղծ ասած, նոր իդեաներ չէին առաջանում, այս ամենը կրկնում էի մի քանի անգամ։ Ընդ որում, նույն բանը կրկնվեց թե առաջին եւ թե երկրորդ հարցաքննության ընթացքում. երկու հոգի էին բերել ինձ հետ առերես հարցաքննության։ Առաջին դուբլը մոտ 10 րոպե տեւեց, երկրորդը` մեկուկես րոպեի չափ, եւ իմ փաստաբանին խնդրեցի առերես հարցաքննության արձանագրության մեջ ֆիքսել, որ գործին կցվում է երկու տեսագրություն։ Ինչ վերաբերում է բուն հարցաքննությանը, ավելի ճիշտ` առերեսմանը, այն, ըստ էության, տեղի չունեցավ։ Քննիչները, իմ ելույթները լսելով, կարծես կորցրեցին առերեսման ցանկությունը եւ պատճառաբանելով, թե ես խոչնդոտում եմ գործընթացին, դադարեցրին այն, հավաքեցին իրենց իրերն ու վկաներին եւ փորուփոշման հեռացան։ Չնայած` իզուր այսքան մանրամասն պատմեցի։ Այդ «առերեսման» տեսագրությունները հիմա արդեն քրեական գործի անբաժանելի մաս են եւ ուրեմն` նախաքննության ավարտից հետո մատչելի են դառնալու եւ բնականաբար, հայտնվելու են «Յություբում» եւ իմ կայքէջում։ Այնպես որ, կգա ժամանակը` ինքներդ կտեսնեք։

Հ.Գ. Պետք է խոստովանել, որ պակաս հետաքրքիր չէ այն առերեսումը, որ վերջին շրջանում տեղի է ունենում ՀՅ դաշնակցության եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Սա նույնպես նախապես պլանավորված շոու է հիշեցնում։ Խնդիրն այն է, որ Դաշնակցությունը նախ հայտարարեց, թե պահանջում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը եւ այդպիսով հայտնվեց անհարմար վիճակում, քանի որ բոլորը գիտեն, որ արտաքին քաղաքականությունն իրականացնում է երկրի առաջին դեմքը, եւ ԱԳ նախարարը ընդամենը կատարող է։ Եւ ահա, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Մոսկվայում հուլիսի 17, 18-ին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը Մոսկվայում հուլիսի 17,18-ին փաստաթուղթ ստորագրի եւ ընդունի «Մադրիդյան սկզբունքները», ՀՅԴ-ն կպահանջի նրա հրաժարականը։ ՀՅԴ-ն էլի անհարմար վիճակում է, որովհետեւ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ստորագրել է մի փաստաթուղթ, որով ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»։ Խոսքը 2008-ի նոյեմբերին ստորագրված Մայնդորֆյան հռչակագրի մասին է, որտեղ ասվում է, որ ԼՂ հարցը լուծվելու է «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա։ Այդ հռչակագրի ստորագրման պահին եւ դրանից հետո դեռ հինգ ամիս ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր։ Ու քանի որ Դաշնակցությունը կոալիցիան լքել է ոչ թե Մայնդորֆյան հռչակագրի, այլ ուրիշ առիթով, ստացվում է, որ ՀՅԴ-ն ինքն էլ ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

(շարունակելի)

Հուլիսի 23, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Levon
    Հուլիս 23rd, 2009 at 05:29 | #1

    Voch mekn el chi havatum dashnaknerin, nranc yerkerasani xaxer@ bolorin haytni en.

  2. Սուրեն
    Հուլիս 23rd, 2009 at 13:59 | #2

    Նիկոլ ջան, ինչպես միշտ, հիանալի էր:

  3. MM
    Հուլիս 23rd, 2009 at 18:29 | #3

    Nikol jan, du el heteqrqir txa es, inch es @nkel dranc hetevic, te saprich tveq, robi nman (99-i hoktemberi 27) kaseir antrash em, chem karox durs gal tesaxciki mot! u hla mi vizkap el kpokeir drancic. Isk ete lurj, HALAL lini qez! Prodoljat’ b etom duxe! MER PAYQAR@ ANKASELI E, MER HAXTANAK@-ANXUSAPELI! PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!

  4. Հակոբ (Չեխիա)
    Հուլիս 24th, 2009 at 08:12 | #4

    Նիկոլ ջան հալալա, չթուլացնես էս տականքներին մրելը: Տասնյոթ հատ 1+ ընտանիքիս կողմից …..

  5. Հայկ
    Հուլիս 24th, 2009 at 23:55 | #5

    @Հակոբ (Չեխիա)
    Հակոբ ջան լավ մեծ ընտանիք ունես։ Молодец!

  6. Հայկ
    Հուլիս 24th, 2009 at 23:56 | #6

    Նիկոլ ջան ՀԱԼԱԼԱ ՔԵԶ։
    1+

  7. Աշոտ
    Հուլիս 25th, 2009 at 17:38 | #7

    Ապես Նիկոլ ջան:

  8. Օգոստոս 1st, 2009 at 01:27 | #8

    ANGAM KIN @NTRELU MEGA QEZ HALAL.SHAT SHUT GLUX GLXI TVAC,HAXTANAK TARAC MARDU DEMQEROV,NAXAGAHI NSTAVAIRI BAKUM NKARVEK

  1. No trackbacks yet.