> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 9.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 9.

9. Երանի~… մեզ…

Սասուն Միքայելյան. 2009-02-20Հուլիսի 11-ի առավոտյան երկու ծրար ստացա. դրանք ինձ ուղղված նամակներ էին։ Երկուսի հեղինակն էլ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն էր, գրել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ծրարների նախնական զննությունը հետաքրքիր փաստեր ի հայտ բերեց։ Սարգիսը առաջին նամակը գրել էր հուլիսի 1-ին, այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանով լսել էր ՀՀ գլխավոր դատախազություն իմ կատարած այցելության եւ ապա` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելու մասին։

Ծրարի վրա առկա դրոշմը վկայում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ վարչակազմը նամակը մեկ շաբաթ պահել է իր մոտ եւ փոստին է հանձնել միայն հուլիսի 8-ին։ Երկրորդ նամակը Հացպանյանը գրել է հուլիսի 4-ին, այդ նամակը նույնպես փոստ է հանձնվել հուլիսի 8-ին։ Ծրարի վրա առկա մյուս դրոշմը վկայում է, որ «Հայփոստը» նամակներն առաքել է հուլիսի 9-ին, բայց` ինչպես ասացի, դրանք ստացել եմ միայն հուլիսի 11-ին։ Այս մանրամասները ներկայացնում եմ հատուկ նպատակով. ի վերջո, եվրոյոնջաները իրենց զեկույցում կարող են արձանագրել այս աննախադեպ առաջընթացը։ Իսկ առաջընթացը ակնառու է. ի վերջո, քաղբանտարկյալի նամակը կարող էր հասցեատիրոջը հասնել ոչ թե հուլիսի, այլ օգոստոսի, սեպտեմբերի 11-ին, կամ ընդհանրապես չհասնել. այնպես որ, պ. Պրեսկոտը եւ մ. Կոլոմբիեն կարող են այս մասին առաջընթացի հատուկ զեկույցով հանդես գալ…

Հենց հուլիսի 11-ին պատասխանեցի Սարգիս Հացպանյանի նամակներին, բայց չեմ բացառում, որ այս տողերը ավելի շուտ հրապարակվեն, քան իմ նամակները Նալբանդյան 104 հասցեից կհասնեն Նուբարաշենի խճուղի 7 հասցեին։

Իր նամակում Սարգիս Հացպանյանը ողջունում էր ընդհատակից բանտ տեղափոխվելու իմ որոշումը եւ լավագույն մաղթանքներն էր հղում։ Կալանքի սկզբնական շրջանում Սարգիսը նույնպես այստեղ է եղել` ԿԳԲ-ում, անգամ քաղբանտարկյալ Արմեն Սիրունյանի հետ խցակից են եղել։ Սիրունյանը այսօր էլ այստեղ է։ Քաղբանտարկյալներից այստեղ է մեկ էլ Սասուն Միքայելյանը։ Փակ ռեժիմի այս ՔԿՀ-ում, մենք, իհարկե, ոչ մի անգամ չենք հանդիպել։ Միայն երբեմն ձայն ենք տալիս իրար, հարցնում միմյանց որպիսությունը։ Այս կարճ ու խլացած հարցուպատասխանների էֆեկտը նույնն է, թե քաղաքից դուրս մի տեղ մի կտոր հաց ուտեինք իրար հետ…

Ես դեռեւս չգիտեմ, թե Սասուն Միքայելյանը որ խցում է, ինքն էլ, ըստ ամենայնի, չգիտի, թե որ խցում եմ ես։ Մեր կանչերը թույլ չեն տալիս այս հարցը որոշել, չնայած` դա կարող ենք անել «դրսի» միջոցով։ Եւ ահա, ամեն օր անցնելով այն խցի մոտով, որտեղ Գագիկ Ջհանգիրյանն է նստած եղել, Սասուն Միքայելյանը իր կենսուրախ ու կարկաչուն ձայնով կանչում է.

- Ջհանգիրյան ջա՞ն, ո՞նց ես…

Ես էլ պատասխանում եմ Ջհանգիրյանի փոխարեն.

- Լավ եմ` Միքայելյան ջան, լավ եմ` ցավդ տանեմ…

Հետո արդեն հետաքրքրվում է ինձնով.

- Նիկոլ, ո՞նց ես։

- Լավ եմ, Սասուն ջան, լավ եմ` ցավդ տանեմ…

Ես չեմ հարցնում, թե ինքը ոնց է, որովհետեւ ձայնից, տոնից զգացվում է, որ իրենից լավ` շատ քիչ մարդ է հնարավոր գտնել, եթե, իհարկե, հնարավոր է գտնել։ Հանկարծ չմտածեք, թե չափազանցնում եմ. ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Ես միայն այստեղ` 175 սմ լայնությամբ խցում խորությամբ ընկալեցի Նոր կտակարանի հետեւյալ խոսքերը «Երանի~ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը»։ Արդարության համար հալածվող լինելու գիտակցումը անասելի, գերբնական ուժ է տալիս մարդուն, եւ ես չեմ հավատում, որ այսօր իշխանության մեջ գտնվող որեւէ մեկը ավելի առույգ, կենդանի, մաքուր ձայն ունենա, քան Սասուն Միքայելյանը։

Սարգիս Հացպանյանը իր նամակում ինձ ըստ էության շնորհավորում է բանտում հայտնվելու կապակցությամբ, որովհետեւ գիտի. շուտով ահա, ես ապրելու եմ, զգալու եմ այն գերբնական ուժը, որ ինքը զգացել է ինձնից առաջ եւ հիմա էլ զգում է, այն նույն զգացումը, որ ապրում են Սասուն Միքայելյանը, Աշոտ Մանուկյանը, Արամ Բարեղամյանը. բոլոր քաղբանտարկյալները։

Առաջին անգամ այստեղ` բանտում, շոշափելիորեն հասկացա, թե ինչ նկատի ուներ դեռեւս կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Արզումանյանը, երբ դատարանի դահլիճում դիմելով դատավոր-դատախազ-ոստիկաններին` ասում էր. «Հասկացեք` մենք բանտում ավելի ազատ ենք, քան դուք ձեր տներում»։ Երբ նայում եմ հեռուստաէկրաններին հայտնվող շփոթված դեմքերին, իսկ էկրաններից այսօր միայն շփոթված դեմքեր են երեւում, ահա այդ դեմքերը տեսնելիս առաջին ցանկությունը, որ առաջանում է` նրանց համար հանձնուք` պերեդաչի ուղարկելն է, չնայած ոմանք ակնհայտորեն զբոսանքի՛ կարիք ունեն…

Ինչպե՞ս չկարեկցես այն իշխանավորներին, ովքեր «փնտրում-փնտրում» եւ չեն գտնում որեւէ ապացույց, որ Սարգիս Հացպանյանը մասնակցել է Արցախի պատերազմին, չնայած` ապացույցը տպագրված է իրենց թողարկած դպրոցական դասագրքերում… Ժիրայր Սեֆիլյանի դեպքում ապացույցներ կային, բայց դրանք մեկ տարվա ազատազրկման դատապարտելու համար անհրաժեշտ «ապացույցներ» էին։ Սասուն Միքայելյանի դեպքում էլ նույն իրավիճակն է, բայց այս դեպքում ապացույցները ավելի ծանրակշիռ ազատազրկման են բավարարում, որովհետեւ Միքայելյանի զենքը իշխանությանը պետք էր` «հիմնավորելու» համար, որ մենք զինված հեղաշրջում էինք անում, զենքով իշխանություն էինք յուրացնում։ W-ն, միայն, չի կարողանում բացատրել, թե Երեւանում իշխանություն յուրացնողները ինչպես էին օգտագործելու Հրազդանում պահված զենքը, եւ ինչու այն Երեւան տեղափոխելու փորձ անգամ չի արվել…

«Վա~յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք»։

Գագիկ Ջհանգիրյանի խցում է նստելու Աղվան Հովսեփյանը, ու զբոսանքի գնացող Սերժ Սարգսյանը զրնգուն ձայնով չի կանչելու.

- Հովսեփյան ջա~ն, ո՞նց ես։

Սերժիկի ձայնը այսօր արդեն սմքած է։ Այս պատերը, սակայն, անպայման լսելու են հետեւյալ նախադասությունը` սմքած ձայնի կատարմամբ.

- Դաբլյու, դաբլյու, դաբլյու, ես ամեն ինչ գցեցի քեզ վրա…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

(շարունակելի)

Հուլիսի 17, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Հուլիս 17th, 2009 at 11:47 | #1

    Nikol jan, ays masov verchnakanapes SPANECIR! karox es el chsharunekel! W!W!W!UUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  2. Vardan
    Հուլիս 17th, 2009 at 13:59 | #2

    Nikol jan inchu chi tarmatcvum “Haykakan jhamanaki” kayqeje?

  3. Vardan
    Հուլիս 17th, 2009 at 14:05 | #3

    sxalvum es Nikol jan,mi xtcum en linelu vorpeszi chvotnaharvi evropakan chapanishnerov serakan poqramasnutyunni iravunqnere

  4. Levon
    Հուլիս 18th, 2009 at 02:05 | #4

    Nikol jan cavd tanem et inch dux unes, yerbeq ch@nkjves.

  5. AG
    Հուլիս 18th, 2009 at 04:17 | #5

    “DE YEK VARDAPET U MI CICAXIR”

    Սերժիկի ձայնը այսօր արդեն սմքած է։ Այս պատերը, սակայն, անպայման լսելու են հետեւյալ նախադասությունը` սմքած ձայնի կատարմամբ.

    - Դաբլյու, դաբլյու, դաբլյու, ես ամեն ինչ գցեցի քեզ վրա…

    SHAT SHUTOV SA IRAKANUTYUN E DARNALU.

  6. Հայկ
    Հուլիս 18th, 2009 at 04:22 | #6

    Իրականություն չի դառնալու քանի որ Սեռժիկը այդ պատերին նույնիսկ չի հասնելու: Նա հանքերում ավելի պիտանի կլինի որպես անվտանգության փորձարկիչ մասնագետ:

  7. Հուլիս 18th, 2009 at 20:38 | #7

    Nikol jan, yerani mez, vor QEZ unenq!!!!!!! ev iharke-PAYQAR,PAYQAR MINCHEV HAXTANAK!

  8. Հակոբ (Չեխիա)
    Հուլիս 18th, 2009 at 23:06 | #8

    - Դաբլյու, դաբլյու, դաբլյու, ես ամեն ինչ գցեցի քեզ վրա…:):):))))))))))))))))))

  9. Հայկ
    Հուլիս 19th, 2009 at 19:36 | #9

    Պայքար, Պայքար, Մինչև Վերջ, +1

  1. No trackbacks yet.