> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 7.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 7.

7. Պուճուր շահում

«Ո՞ւր էիր», «Որտե՞ղ էիր», «Իջեւանո՞ւմ էիր», «Արարատո՞ւմ էիր», «Հայաստանո՞ւմ էիր», «Դրսո՞ւմ էիր», «Եվրոպայո՞ւմ էիր». ընդհատակից դուրս գալուս հենց առաջին օրը ինձ ուղղված այսօրինակ հարցերի թիվը ռեկորդային էր։ Այս հարցերին ի պատասխան` խորհուրդ էի տալիս մեկ-երկու տարի սպասել, որից հետո ամեն ինչի մասին մանրամասն կգրեմ` առանձին գրքով։ Շատերը հիասթափություն էին արտահայտում իմ այս պատասխանի կապակցությամբ` պատճառաբանելով, որ առանց այն էլ 1.4 տարի տանջվել են այս հարցի վրա եւ վստահ չեն, որ եւս երկու տարվա առողջության պաշար ունեն։ Բայց իմ գտնվելու վայրի մասին տանջալից հարցի պատասխանը փնտրողների շարքում «ամենալրջմիտ» դեմքը Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էր։ Երբ գտնվում էի ոստիկանության նրա ղեկավարած բաժնում, լուր տարածվեց, թե ինքը` ոստիկանապետն է ուզում ինձ տեսնել` առանց փաստաբանի ներկայության։ Ես սկզբում հրաժարվեցի, բայց երբ պարզվեց, որ «շատ կարեւոր» խոսակցություն է, համաձայնեցի` փաստաբանիս խնդրելով սպասել։ Ներս մտա միլպետի կաբինետի դռնից, բարեւեցի։ Սենյակում ներկա էր նաեւ մեկը, ով ակնհայտորեն 5-10 րոպե առաջ իր հասցեին հայհոյանքներ էր լսել Երեւանի փողոցներով իմ անարգել քայլելու կապակցությամբ։ Եւ ահա, սպասում եմ, որ Կենտրոնի ոստիկանապետը սկսի իր կարեւորագույն խոսակցությունը.

- Նիկոլ, որտե՞ղ էիր,- Սերժի առոգանությունը հնարավորինս նմանակելով` հարցրեց նա։ Մի պահ ինձ թվաց, թե ինձ հետ ոչ թե ոստիկանապետն է խոսում, այլ պատին մեխած նկարը` Սերժ Սարգսյանի։ Ես ուզում էի հասկանալ, թե արդյո՞ք ոստիկանապետը լուրջ է հարցնում, որովհետեւ նման իրավիճակում, նման հարց, նման առոգանությամբ` կարող էր տալ միայն 3-րդից 4-րդ դասարան փոխադրվող հարվածայինը, որ երազում է մեծանալ եւ Շերլոկ Հոլմս դառնալ։ Մոտ մեկ րոպե տեւած զրույցի ընթացքում ես միլպետին բացատրեցի, որ սա անիմաստ խոսակցություն է, եւ նա, ի զարմանս ինձ, հասկացավ։

Մեր խոսակցության ողջ ընթացքում, սակայն, Շերլոկ Հոլմսի բնազդը չէր լքում Կարապետյանին։ Ամենայն աչալրջությամբ, աչքի պոչով նա հետեւում էր իր համակարգչի մոնիտորին, որի վրա երեւում էին նրա ղեկավարած ոստիկանության բաժնի միջանցքները։ Կարապետյանը ասես սպասում էր, որ այդ միջանցքներով զբոսնի հետախուզման մեջ գտնվող որեւէ մեկը, եւ ինքը առանձնակի դաժանությամբ ձերբակալի նրան` մենթական հերթական կոչումը ստանալու արդարացված ակնկալիքով։ Բայց թերեւս ճիշտ կանի` նախ իր կաբինետում փնտրի. գուցե այնտեղ իսկ արդարադատությունից չարամիտ կերպով թաքնվողներ լինեն։

Իսկ ահա դատախազ Շահում Տիգրանյանը, որը ուզում էր իմանալ, թե որքանով են իրականությանը համապատասխանում իմ եվրոպական շրջագայություններին վերաբերող հրապարակումները, հուլիսի այս տժժանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ էր այցելել ձմեռային կիսաճիտք կոշիկներով։ Տպավորությունն այնպիսին է, թե ամեն անգամ մեկուսարան այցելելիս նա չի հավատում, որ իրեն բաց կթողնեն, այդ պատճառով միշտ տաք է պահում ոտքերը` նավսյակի սլուչի։ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում ինձ այցելելով` Տիգրանյանը այնքան վստահ տոնով սկսեց ինձ հետ քննարկել մեր թերթում իր մասին տպագրված հոդվածները, որ ակնհայտորեն գլխի չէր ընկել, որ իր կլասի թերթային պերսոնաժները շան ոտի հետ գնում են, եւ ակնկալել, որ թերթի գլխավոր խմբագիրը կհիշի իր մասին տպագրված հոդվածը, նույնն է, թե օդանավի հրամանատարը հիշի այն ուղեւորին, որ նախորդ տարի այս օրերին Պսկովից Վորկուտա է թռել։ Տիգրանյանը բողոքեց, որ իր մասին գրել ենք, որ կաշառակեր է, հանցագործ է, բողոքեց, որ գրել ենք, որ ինքը Քյավառում մարդ է սպանել, եւ ուզում էր իմանալ, թե որտեղից մեզ այդ տեղեկատվությունը, ստահոդ տեղեկատվությունը։ Հետո, երբ պնդեցի, որ եթե մեր թերթում տպվել է, ուրեմն հենց այդպես էլ կա, Շահումը չդիմացավ առերեսմանը եւ ի զարմանս ինձ` խոստովանեց, որ իսկապես սպանել է այդ մարդուն։ Բայց, պատկերացրեք, մինչեւ օրս էլ չի զղջում, որովհետեւ նա, ում սպանել է Շահում Տիգրանյանը, հանցագործ է եղել։

- Ձեր դատախազության վարկածով` ես էլ եմ հանցագործ, ինձ էլ կրակեք-սպանեք,- դատախազին խորհուրդ տվի ես։

- Երբ հասնենք դրան, ուրիշ կրակող չլինի, ես կկրակեմ,- ասաց Տիգրանյանը եւ ավելացրեց, թե կատակ է անում։

Կատակը իսկապես շատ զվարճալի էր, որովհետեւ այս խոսքերի վրա Տիգրանյանի վիզը երկարեց, ու ես հիշեցի այս մարդու կյանքի ամենահիշարժան օրը։ Դա 2000 թվականն էր, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը։ Այդ դատարանում դատում էին իմ բարեկամ Աշոտ Բլեյանին, որը դատական նիստերի ընթացքում ճաղերի ետեւում էր լինում։ Դատախազներից մեկը հենց Շահում Տիգրանյանն էր, որը, W Աղվանի կուրսին հավատարիմ, մեղադրանքներ էր ստեղծագործում։ Ճաղերի ետեւում գտնվող Բլեյանը Տիգրանյանի ստեղծագործական տաղանդի նկատմամբ իր հիացմունքը արտահայտելու ուղիներ էր մտմտում։ Եւ ահա մի օր գտավ ելքը. ինչպես մեծ ստեղծագործողներին վարդեր են շպրտում, Բլեյանը Տիգրանյանին կոշտ կազմով Քրեական օրենսգիրքը շպրտեց եւ հասավ նպատակակետին. կոշտ կազմով Քրեական օրենսգիրքը հանգրվանեց Տիգրանյանի գլխի` «մեժդուգլազ» կոչվող հատվածում։ Այդ օրվանից դատախազ Տիգրանյանի վիզը ժամանակ առ ժամանակ անսովոր կերպով երկարում է, եւ նա ամբողջ տարին հագնում է երկարաճիտք կոշիկներ եւ դիպլոմատում ունենում է սուխոյ պայոկ։ Ով` ով, բայց Տիգրանյանը գիտի. երբ ինքը հայտնվի իմ տեղում, իրեն տաք կոշիկ եւ ուտելիք բերող չի լինելու…

Նիկոլ Փաշինյան

(շարունակելի)

Հուլիսի 15, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Anonymous
    Հուլիս 15th, 2009 at 20:11 | #1

    Просто СПАНУМЕС

  2. Հայկ
    Հուլիս 16th, 2009 at 00:24 | #2

    Ն.Փ. :
    Այդ օրվանից դատախազ Տիգրանյանի վիզը ժամանակ առ ժամանակ անսովոր կերպով երկարում է, եւ նա ամբողջ տարին հագնում է երկարաճիտք կոշիկներ եւ դիպլոմատում ունենում է սուխոյ պայոկ։ Ով` ով, բայց Տիգրանյանը գիտի. երբ ինքը հայտնվի իմ տեղում, իրեն տաք կոշիկ եւ ուտելիք բերող չի լինելու…

    Նիկոլ ջան ինչ դիպուկ ես գրում, ուղակի քեֆս բերում ես։

  3. MM
    Հուլիս 16th, 2009 at 00:51 | #3

    Kap chuni, te krknum em: Du han&ar es!Du ches krknvi! Du mez petq es azatutyan mech! PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!

  4. Հակոբ (Չեխիա)
    Հուլիս 18th, 2009 at 22:01 | #4

    Ցավդ տանեմ Նիկոլ, ինչ ուզում են թող հաչան, միևնույն է, դու ՏԱՂԱՆԴ ես:

  5. Օգոստոս 1st, 2009 at 00:50 | #5

    MARTI 1-IC HETO MIAIN DZER GRACNER@ KARDALUC EM BARCR EV IMASTALIC CICAXUM.HAMBERUTIUN HAERENASER JOXOVRDIS

  1. No trackbacks yet.