> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹԵՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԹԵՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Չնայած շատերը փորձում են կռահել, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսի` վաղը կայանալիք հանրահավաքը փոփոխություններ կմտցնի ընդդիմության առաջիկա անելիքների գրաֆիկում, անկախ հանրահավաքի արդյունքներից` քաղաքական գործընթացներն առաջիկայում ընթանալու են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 12-ին ունեցած ելույթի տրամաբանության շրջանակներում: Այդ ելույթում Տեր-Պետրոսյանը ընդդիմության համագործակցության 12 կետանոց պլատֆորմ առաջարկեց, եւ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակեց սեպտեմբերի 18-ին: Սա թերեւս այն ժամկետն է, որի ընթացքում վերջնականորեն պարզվելու է, թե ի վերջո ով է Հայաստանում ընդդիմություն, եւ ով` ոչ, որովհետեւ հենց այդ 12 կետերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով է ձեւավորվելու այդ հարցի պատասխանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպած սկզբունքները ամբողջությամբ ընդգրկում են քաղաքական տվյալ ժամանակաշրջանի «ընդդիմադիր» հարցերը, եւ դժվար է պատկերացնել որեւէ ընդդիմություն, որը կարողանա այդպիսի գործունեության ուրիշ օրակարգ ձեւավորել: Սա ակնհայտ երեւաց նաեւ «Ժառանգություն» կուսակցության վերջին` հրապարակային առաջարկներից, որտեղ ըստ էության վերաձեւակերպված էին Տեր-Պետրոսյանի առաջարկած կետերից մի քանիսը, գումարած այնպիսի ֆրազներ, որոնց մասին օր ու գիշեր խոսում է իշխանությունը, խոսում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում խոսել: Իսկ եթե այլ օրակարգ ձեւավորելու հնարավորություն ըստ էության չկա, ընդդիմադիր լինել-չլինելու հարցը, բնականորեն, սկսում է պարփակվել Տեր-Պետրոսյանի առաջադրված 12 կետերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Ավելի կոնկրետ` եթե որեւէ քաղաքական ուժ համաձայն է առաջադրված 12 կետերի հիսուն տոկոսի հետ, իսկ մնացածի հետ համաձայն չէ` կնշանակի ընդամենը հիսուն տոկոսով է ընդդիմադիր: Եթե ավելի կամ պակաս թվով հարցերի հետ է համաձայն, ուրեմն ավել կամ պակաս չափով է ընդդիմադիր, եւ սա այլեւս հստակ քաղաքական իրողություն է: Եւ ուրեմն` հարց. արդյո±ք առաջին նախագահի առաջարկները հնարավորություն կտան մինչեւ սեպտեմբեր ավելի ընդլայնել ընդդիմադիր ճակատը: Հարյուր տոկոսանոց վստահություն արտահայտել, իհարկե, չի կարելի: Բայց եթե անգամ չհաջողվի լայնացնել ընդդիմության ճակատը, այսինքն` նոր ուժեր չմիանան Հայ ազգային կոնգրեսին, այդ առաջարկների շնորհիվ քաղաքական դաշտի հստակությունը կհաջողվի պահպանել, եւ նոր լղոզումներ, երրորդ բեւեռներ, կեղծ ընդդիմություններ չեն առաջանա: Այսինքն` ընդդիմություն կհամարվեն նրանք, ովքեր լիարժեքորեն ընդունում են առաջադրված 12 կետերը եւ այդ կետերի իրագործումը համարում իրենց ընթացիկ քաղաքական գործունեության նպատակ: Իհարկե, կարող են լինել նաեւ այնպիսի ուժեր, որոնք այդ կետերի իրագործման շուրջ համագործակցությունից հրաժարվելով` իրենց կհայտարարեն ընդդիմություն: Բայց հայտարարովի ընդդիմությունը Հայաստանում այլեւս չի աշխատի, եւ հետո` որեւէ քաղաքական ուժ ինքն իրեն ընդդիմություն հայտարարելուց հետո պետք է բացատրի, թե ինչու համաձայն չէ Տեր-Պետրոսյանի առաջադրած սկզբունքների հետ: Իսկ եթե կարողացավ բացատրել, թե ինչու համաձայն չէ, կստացվի, որ ընդդիմություն չէ, որովհետեւ ընդդիմությունը այդ կետերի հետ չհամաձայնել չի կարող:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հուլիսի 1, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Mery
    Հուլիս 2nd, 2009 at 02:38 | #1

    Sa test e Hayastani yuraqanchyur Qaxaqacu hamar! Nikol jan, huys unenq , vor aydtex el paros klines mez hamar, hodvacnerd mez odi u jri pes anhrajesht en! PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!

  1. No trackbacks yet.