> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԴԵՊԻ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԴԵՊԻ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

nikol-pashinyan-at-a-rallyՀայաստանի մասին ԵԽԽՎ ընդունած հերթական` 1677 բանաձեւը, իհարկե, տեղավորվում է կանխատեսելիության շրջանակներում։ Նրա բովանդակության մեջ հետաքրքիր նրբերանգներ կան, բայց քաղաքական իմաստով փաստաթուղթն այնպիսին է, ինչպիսին եւ սպասվում էր։ ՀՀ իշխանությունների հասցեին ուղղված եվրաողջույնները ընդամենը արձանագրումն են այն բանի, որ սերժանտական իշխանությունը հնազանդ է եվրոպական բոսերին։ Բայց եվրոպացի բոսերը, այնուամենայնիվ, չեն պատրաստվում կորցնել ազդեցության լծակները եւ ուրեմն` արձանագրում են այն բազմաթիվ խնդիրները, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան Հայաստանի իշխանությունների աչքը մտցնել։ Եթե անգամ իշխանությունը ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին, Հայաստանը, միեւնույն է, մնալու էր մոնիտորինգի տակ, եւ 1677 բանաձեւի առանձնահատկությունը հենց սրանում է. արտաքուստ քաղցր-մեղցր լինելով` այն ի ցույց է դնում հետագա բանաձեւերի խստացման, կոշտացման ողջ պոտենցիալը։ Թե երբ կկոշտանան դիրքորոշումները, կախված է արդեն տասնյակ գործոններից. մասնավորապես` նաեւ այն գործընթացներից, որ տեղի կունենան Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ` մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Համենայնդեպս, 1677 բանաձեւը տոգորված է անորոշ շարունակականության հատուկ տրամաբանությամբ. ԵԽԽՎ-ն շարունակելու է հետեւել, ԵԽԽՎ-ն շարունակելու է ուսումնասիրել, ԵԽԽՎ-ն շարունակելու է դիտարկել, ԵԽԽՎ-ն շարունակելու է քննարկել։ Թե ինչ է քննարկելու եւ ինչպես` կախված է, իհարկե, ոչ միայն Հայաստանի ներքաղաքական վիճակից, այլեւ այն պահվածքից, որ Հայաստանի իշխանությունը կդրսեւորի արտաքին քաղաքականության բնագավառում։ Բայց այսուհանդերձ, միջազգային բոսերը, այս շրջանում կենտրոնացած լինելով Հարավային Կովկասի վրա, մտադրվել են Հայաստանին ոչ միայն բարոյական կամ քաղաքական բնույթի բեռներով կաշկանդել։ Վարկեր եւ տոկոսներ` ահա հաջորդ կարեւորագույն լծակը. Հայաստանում տնտեսական ճգնաժամի գոյությունը շարունակաբար հերքող իշխանությունը տնտեսական անկման վերջին թվերի տպավորության տակ սկսել է խուճապահար վարկեր վերցնել բոլորից` չունենալով անգամ այդ վարկերը նպատակային ծախսելու հիմնավորված եւ ընդունելի բիզնես-ծրագիր։ Իսկ վարկեր տալիս է ոչ միայն Ռուսաստանը, այլ Արեւմուտքը, ըստ էության` այս գլխից պատրաստակամություն հայտնելով հետագայում նոր վարկեր տրամադրել հին վարկերը փակելու համար։ Եւ սրանում է ստացվող վարկերի հիմնական հմայքը։ Դոնոր կազմակերպությունները լավ գիտեն, որ ստացվող վարկերը անարդյունավետ են ծախսվելու, ինչը նրանց ձեռնտու է աննկարագրելիորեն։ Սա մոտավորապես նման է այն իրավիճակին, երբ հանցավոր խմբավորումները որեւէ մեկին սեփական ազդեցության տակ գցելու համար նրան նստեցնում են ասեղի վրա։ Զոհը սկզբում, իհարկե, աջուձախ կայֆ է անում, բայց գալիս է պահը, երբ ավարտվում են փողերը, եւ վրա է հասնում լոմկան։ Ահա այսպես հասնում է հատուցման ժամը։ Ինչ է, իշխանությունը սա չի՞ հասկանում։ Իհարկե` հասկանում է։ Բայց երբ պետությունը նրանց համար ընդամենը փող աշխատելու միջոց է, վերը նկարագրվածի մեջ ոչ մի ողբերգություն չկա։ Եթե նրանց հաջողվի տնտեսական ու քաղաքական սնանկացման հասցնել Հայաստանի Հանրապետությունը, «Armenia co LTD» կբացեն որեւէ օֆշորային գոտում։ Առաջիկա տասնամյակում Սերժ Սարգսյանը կլինի «Armenia»-ի նախագահ, հաջորդ տասը տարին` Ռոբերտ Քոչարյանը։ Չնայած` էս ինչ եմ ասում. թող Սերժ Սարգսյանը «Armenia co LTD» բացի, իսկ Ռոբերտ Քոչարյանը «Aiastan co LTD»` Մեծ Կայման կղզում։ Այդպես բոլորին էլ պաշտոն կհասնի. համ էլ` Մեծ Կայմանում ուժեղ «մասնադրաներ» կան` սարքած-պատրաստ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 30, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.