> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԱԽԱԴԵՊԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է

ՆԱԽԱԴԵՊԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է

Իշխանական իրավաբանները զարմանալի ոչինչ չեն տեսնում նրանում, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում կեղծիքներ թույլ տված եւ ձեւի համար ձերբակալված մի քանի անձինք կալանավորվելուց մի քանի օր հետո ազատ արձակվեցին։ Համաներումը, ասում են, տարածվեց նրանց վրա, դրա համար էլ ազատվեցին։ Իշխանական իրավաբանները զարմանալի ոչինչ չեն տեսնում նաեւ նրանում, որ Սասուն Միքայելյանը մնաց բանտում. «Համաներումը չտարածվեց նրա վրա»,- ասում են նրանք։ Եւ այս ամենը ասում են մի այնպիսի լուրջ տեսքով, կարծես Մոզամբիկի իշխանություններն են որոշել, թե համաներումը ինչ հոդվածների վրա տարածվի, ինչ հոդվածների վրա չտարածվի։ Եւ փաստորեն, Ղարաբաղի պատերազմի հերոսի ունեցած զենքը, որ վերջին տասը տարում տեղից չի էլ շարժվել, եւ որի գոյության մասին ինքը` Սասուն Միքայելյանն է հայտնել` խարխլում է պետականության հիմքերը, իսկ ահա ընտրակեղծիքները` չեն խարխլում։ Եթե Հայաստանի իշխանությունները իսկապես ընտրակեղծիքների եւ ընտրակեղծարարների դեմ պայքարելու ցանկություն ունեն, ոչինչ չէր խանգարում, որ ընտրական հանցագործությունները ընդգրկվեին այն հոդվածների թվում, որոնց վրա համաներումը չի տարածվում։ Սա ցույց կտար, որ ընտրակեղծարարությունը չի հովանավորվում պետության կողմից։ Իրականում, սակայն, սերժանտական իշխանությունը հայրական գորովանք է ցուցաբերում ընտրակեղծարարների նկատմամբ, եւ եթե նախկինում դա անում էր դե ֆակտո, հիմա անում է նաեւ դե յուրե։ Իսկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության տխրահռչակ ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգից ավետում է, թե Հայաստանի մասին ԵԽԽՎ հերթական` 1677 բանաձեւի հիմնական շեշտադրումը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունն է։ Վունդերկինդը սա ասում է` ցույց տալու համար, թե իբր` նոր բանաձեւում Մարտի 1-ի մասին ոչինչ չի ասվում, «Ա1+»-ի մասին ոչինչ չի ասվում։ Նրան թվում է, թե այս երկրում տառերը միայն ինքն ու իր ղեկավար Մուկը գիտեն, եւ ոչ ոք այլեւս ԵԽԽՎ հերթական բանաձեւի տեքստը չի կարդալու ու չի իմանալու ճշմարտությունը։ Բայց տվյալ դեպքում, սա էական չէ։ Շատ ավելի հետաքրքիր է իմանալ, թե ԸՕ-ն ինչպիսի փոփոխությունների է պատրաստվում ենթարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը, որի արդյունքում էգ առյուծի քույրը զրկվի ընտրական տեղամասում ստրիպտիզ ցույց տալու հնարավորությունից, իսկ ընդդիմության վստահված անձինք եւ դիտորդները բռնությունների չենթարկվեն։ Ի վերջո, դեռ որքան է հարկավոր փոխել-փոխփխել ԸՕ-ն, հասկանալու համար, որ փոփոխության ենթական ոչ թե օրենսգիրքն է, այլ այն կիրառության մեջ դնողները։ Իսկ կիրառության մեջ դնողները եւս մեկ էական քայլ արեցին ընտրակեղծիքների համակարգը ամրապնդելու համար. նախապատրաստման փուլում համաներման մասին խոսելիս Դավիթ Հարությունյանն ու Ռաֆիկ Պետրոսյանը անընդհատ հղում էին անում նախկին համաներումներին` դրանք հիշատակելով որպես նախադեպ։ Եւ ստացվում է, որ ընտրակեղծարարներին համաներումով ազատ արձակելու նախադեպը արդեն ստեղծվեց, եւ Հայաստանի բոլոր ընտրակեղծարարները կարող են հանգիստ լինել` հետագա բոլոր համաներումները իրենց վրա, իհարկե, կտարածվեն։ Իսկապես հզոր բան է իրավական պրակտիկան. ահա այդ գիտական հզոր զենքի գործունեության արդյունքում է, որ ընդդիմության ակտիվիստները մնում են բանտերում, իսկ Ռաֆիկ Պետրոսյանի մերձավոր մարդասպան-նարկոմանները շարունակում են առաջվա նման ազատության մեջ մնալ, որովհետեւ նրանց մեղքը երբեք չի ապացուցվում, եւ նրանց արարքների առիթով հարուցված գործերը երբեք չեն կարողանում հաղթահարել նախաքննության փուլը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 27, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,