> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալիս«Ժամանակ» - Պրն. Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Որքանով է Ձեր քայլը պայմանավորված նախորդ շաբաթ օրենքի ուժ ստացած համաներման ակտով: Եթե այո` ապա հավատո՞ւմ եք, որ «ամենաըմբոստ» ակտիվիստի, այսինքն` Ձեր հանդեպ իշխանությունն ավելի մեղմ կվարվի, քան Սասուն Միքայելյանի հետ վարվեց, եթե ոչ` ապա Ձեր որոշումը կապ ունի՞ ազատ արձակված տղաների օգնությամբ եւ օժանդակությամբ ՀԱԿ օրակարգի հնարավոր փոփոխության եւ Շարժմանը հնարավոր դինամիզմ հաղորդելու հնարավորության հետ, որն անկասկած առավել կարագացնի Ձեր եւ անազատության մեջ մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը:

Նիկոլ Փաշինյան - Ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չէ ձեր հարցի այն հատվածը, թե արդյոք ես մեղմ վերաբերմունք եմ ակնկալում հանցագործ իշխանությունից: Սերժանտական իշխանությունը ես համարում եմ մարդասպան, հանցագործ իշխանություն, որի գնալով ավելի ու ավելի մեծ թվով ներկայացուցիչներ ենթակա են քրեական պատասխանատվության, այդ թվում եւ այն քննիչներից եւ օպերատիվ աշխատողներից ոմանք, ովքեր առաջիկա օրերին կիրականացնեն իմ ձերբակալությունը, կփորձեն հարցաքննել ինձ: Թող անհամեստ չհնչի, ես իմ որոշումները չեմ կայացնում իշխանական այս կամ այն հանցագործի հնարավոր վերաբերմունքի հաշվարկով: Ես ունեմ իմ անելիքը, իմ օրակարգը եւ առաջնորդվում եմ ըստ այդմ: Եթե այս տարիների ընթացքում իմ ընկերներն ու ես հանցավոր իշխանության վերաբերմունքը շահելու խնդիր ունենայինք, դա մեզ համար առանձնակի դժվարություն չէր ներկայացնի: Ընդհակառակը` այդ նրանք են մշտապես մեր վերաբերմունքը շահելու խնդիր ունեցել, եւ ձախողվել են այդ գործում: Ինչ վերաբերում է ընդհատակից հենց այս պահին դուրս գալու իմ որոշմանը, դրա հիմնավորումներին մանրամասն անդրադարձել եմ իմ հայտարարության մեջ: Կարող եմ հավելել միայն հետեւյալը. իշխանությունը, ըստ էության, մեզ հայաստանյան կյանքից դուրս մղելու խնդիր է փորձում լուծել, բայց մենք նրան ուղղակի թույլ չենք տա դա անել: Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության մեջ իմ անելիքը համարում եմ ավարտված, եւ վերադառնում եմ իրական հայաստանյան կյանք, ինչը հույս ունեմ, իսկապես կավելացնի այն էներգետիկան, որ Համաժողովրդական շարժումը ստացավ քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակմամբ: Էլի եմ ասում` մեր խնդիրը ամենեւին էլ ազատության մեջ կամ բանտում լինելը չէ, այլ պայքարը, խոստացվածի համաձայն, մինչեւ վերջ շարունակելը, պայքարի մեջ հետեւողական, կամային եւ անձնուրաց լինելը: Ես տեսնում եմ, որ ընդհատակյա պայքարի արդյունավետությունը սկսում է մարել, ինչը նշանակում է եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը:

«Ժամանակ» - Ինչպե՞ս եք գնահատում ընդհատակում գտնվելու ընթացքում ընդդիմության գործողությունները: Դուք, Խաչատուր Սուքիասյանը, մյուսները շարունակում եք մնալ ընդհատակում, Ձեր ընկերներից շատերը շարունակում են մնալ բանտերում: Կարծու՞մ եք արդյոք, որ եթե շարժումը իր գործողություններում ավելի վճռական լիներ, Դուք եւ մյուսները կլինեիք ազատության մեջ: Թե՞, այնուամենայնիվ կարծում եք, որ շարժումն արել է առավելագույնը:

Նիկոլ Փաշինյան - Քաղբանտարկյալների մեծամասնության ազատ արձակումը Հայ ազգային կոնգրեսի մարտավարական հաղթանակն է, եւ աներկբա է, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության արդյունքում, մարտավարություն, որի իմաստը տարածության եւ ժամանակի մեջ ուժերը հավասարաչափ բաշխելն է: Այս մարտավարության հիմնական առավելությունը այն է, որ ծառայում է ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա, ապագայի քաղաքական խնդիրներըի լուծմանը: Այսօրվա գործունեությամբ Կոնգրեսը ոչ միայն ընթացիկ քաղաքական խնդիրներ է հետապնդում, այլեւ սպասարկում է Հայաստանի ապագա օրակարգը, ապագայի օրակարգը: Այդ մարտավարության գործնական խնդիրը ոչ միայն ընդդիմության հաղթանակն է իշխանության համար պայքարում, այլեւ այսօր արդեն այնպիսի պայմանների, բանաձեւերի ներդրումը, այնպիսի թիմի եւ գաղափարաբանության ձեւավորումը, որ Հայ ազգային կոնգրեսին հնարավորություն կտա հաջողությամբ գործել եւ հաջողություններ գրանցել արդեն իշխանությունը ստանձնելուց հետո: Այսինքն` այնպիսի օբյեկտիվ պայմանների ստեղծումը, որ Հայաստանում սպասվող իշխանափոխության առաջացրած ոգեւորությունը նոր իշխանությունը կարողանա ոչ միայն պահպանել սեփական գործունեության արդյունքում, այլեւ այդ ռեսուրսը վերածել երկարատեւ եւ անշրջելի պետական, հանրային արդյունքի` ի դեմս ժողովդավարության, օրենքի գերակայության, ազատ տնտեսական մրցակցության:

«Ժամանակ» - Ընդդիմադիր մի շարք գործիչներ ազատ արձակվեցին: Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ն իր գործողությունները, մարտավարությունը եւ օրակարգը պե՞տք է ենթարկի փոփոխության, թե՞ պետք է շարունակի գործել նախկինի պես:

Նիկոլ Փաշինյան -ՀԱԿ-ի մարտավարությունը անփոփոխելի է, որովհետեւ այն ձեւակերպվում է մեկ նախադասության մեջ` պայքար, պայքար մինչեւ վերջ: Սա էմոցիոնալ կարգախոս չէ, այլ մարտավարական ծրագրահենք, ինչը նշանակում է, որ ցանկացած իրավիճակում մենք պետք է անենք անհրաժեշտ քայլեր պայքարը առավել արդյունավետ դարձնելու համար: Այսօր ես ընդհատակից դուրս գալու որոշում եմ կայացրել հենց վերը նշված մարտավարական ծրագրահենքի հիման վրա: Նկատի ունեմ` ցանկացած իրավիճակում Հայ ազգային կոնգրեսը ի վիճակի է ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեն: Փառք Աստծո, Կոնգրեսը մարտավարական հզոր զինանոց ունի, ինչպես նաեւ բավարար չափով մոբիլ է այդ զինանոցը անհրաժեշտ պահի, անհրաժեշտ տեղում գործի դնելու համար:

«Ժամանակ» - Ընդդիմադիր տարբեր թեւերից հնչում են տեսակետներ, որ Հայաստանում ընտրություններով, այսուհետ հնարավոր չի լինելու իշխանություն փոխել: Նրանցից ոմանք, արմատական եւ երբեմն ծայրահեղ դեղատոմսեր են առաջարկում: Ձեր մոտեցումը ո՞րն է:

Նիկոլ Փաշինյան - Մեծ հաշվով իշխանափոխությունը չի կարող լրումին հասնել առանց ընտրությունների: Բայց մենք պետք է հետապնդենք արտահերթ ընտրություններ, ինչն էլ ըստ էության դրված է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 12-ին հրապարակած պլատֆորմի հիմքում: Մենք այսօր պետք է առավելագույնը անենք Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու համար:

«Ժամանակ» - Պրն. Փաշինյան, ընդհատակում գտնվելու ողջ ժամանակամիջոցին Դուք համացանցի միջոցով կապ էիք պահպանում լայն հասարակության հետ: Տեսնելով արդեն ազատության մեջ հայտնված տղաների դառը փորձը, որ անազատության մեջ արդյունավետ պայքար չի լինում, բանտում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պայքարը:

Նիկոլ Փաշինյան - Նապոլեոն Բոնապարտը ձեր հարցին ի պատասխան կասեր` մարտի բռնվենք, այնտեղ կերեւա…

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Հունիս 30th, 2009 at 10:42 | #1

    Իր հայտարարությունը երբեք չի կարելի կապել համաներումից օգտվելու հետ,իզուր են նրան նման բնույթի հարցեր տալիս…Ինչպես միշտ,այս անգամ էլ Նիկոլը կարողացել է գաղափարականը վեր պահել իր անձնականից եվ ամբողջովին հիմնավորել ասածը…

  2. Սուրեն
    Հունիս 30th, 2009 at 14:42 | #2

    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  3. AG
    Հունիս 30th, 2009 at 19:20 | #3

    NIKOL JAN, YURAQANCHUR XELACI MARD (ISK MER AZG@ SHAT XELACI E) CHISHT HETEVUTYUN KANI AYS HARCAZRUYCIC. PARZAPES USHADIR PETQ E KARDAL YURAQANCHYUR BAR YEV AYN VERLUCEL KONTEQSTUM!!!!!!!!!!! APRES!!!!!!!!!!!! HIANALI UGHERZ ER QO AYS HARCAZRUYC@!!!!!!!!!!!!! MENQ QEZ HET ENQ!!!!!!!!!!

  4. Mery
    Հունիս 30th, 2009 at 23:38 | #4

    PAYQAR,PAYQAR MINCHEV HAXTANAK!!!!!!!!!!!!!!!!

  1. No trackbacks yet.