ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԱՐԻՆԵԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Կարինեից
Ձերբակալվելուց հետո անպայման իրավապահները հարցաքննության ժամանակ հարցնելու են, թե որտե՞ղ էիք թաքնվել: Ի՞նչ եք պատասխանելու: Ինչու՞ եք մեկ ամիս ժամանակ հատկացրել ինքներդ Ձեզ՝ մտորելու համար:
Նիկոլի պատասխանը - Թանկագին Կարինե. ձերբակալվելուց հետո չեմ պատրաստվում պատասխանել սերժանտական իրավապահների որեւէ հարցի, եւ նախընտրում եմ օգտվել ցուցմունք տալուց հրաժարվելու իմ իրավունքից: Այսպես կլինի առնվազն մինչեւ դատավարություն: Ինչ վերաբերում է իմ հայտարարության մեջ հիշատակված մեկամսյա ժամկետին, այդ ժամկետը ամենեւին էլ մտորելու համար չեմ վերցրել: 2008 թվականի Մարտի 1-ից հետո մտորելու բավարար ժամանակ ունեցել եմ, եւ հավատացեք` արդյունավետ եմ օգտագործել այդ ժամանակը: Այդ մեկ ամիսը նշել եմ` ընդհատակից իմ դուրս գալու կոնկրետ օրը առայժմ գաղտնի պահելու համար: Ասել եմ, որ ընդհատակից դուրս եմ գալու ամենաուշը մինչեւ հուլիսի 24-ը, բայց դա չի նշանակում հուլիսի 24-ին: Դա կարող է տեղի ունենալ հենց այսօր, կամ վաղը, կամ մյուս օրը, եւ օրվա ընտրությունը ամենեւին կախված չէ որոշում կայացնել-չկայացնելու հետ: Որոշումը արդեն իսկ կայացված է, եւ հիմա ընդամենը տեխնիկական հարցեր լուծելու խնդիր ունեմ: Լավագույն մաղթանքներս:













