> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՆԵՐՈՒՄԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

«ՆԵՐՈՒՄԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Եթե վիճակագրություն լիներ, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի հոգի եւ քանի անգամ է ներքաղաքական վիճակի մասին խոսելիս «ներելու» աջուձախ կոչեր հնչեցրել, տնտեսական երկնիշ անկումը, թերեւս, այդքան սարսափելի չլիներ: Մենք կմխիթարվեինք գոնե այն մտքով, որ Հայաստանը ներման կոչերի առատության համաշխարհային ռեկորդ է սահմանում: Ոմանք իշխանությանը կոչ են անում ներել ընդդիմությանը, ոմանք ընդդիմությանը կոչ են անում ներել իշխանությանը, ոմանք երկուսին էլ կոչ են անում ներել իրար, ոմանք բոլորին կոչ են անում ներել բոլորին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջիկայում այսօրինակ սրտաճմլիկ տեսարանների պակասություն չի զգացվելու: Բայց սա ամենեւին էլ նրանից չէ, որ հայ ժողովուրդը դեմքով շրջվել է դեպի քրիստոնեական արժեքները: Ոչ ամենեւին. պարզապես ճոռոմ եւ վեհահունչ բառերով պարուրված դատարկաբանությունը Հայաստանում երկրպագուների կայուն բանակ ունի: Եւ երբեմն մարդիկ բառերը օգտագործում են ոչ միայն հոգ չտանելով դրանց մեջ բովանդակության գոյության մասին, այլեւ վերջնականապես վարկաբեկելով այն վեհությունը, որ ի սկզբանե պարունակում են այդ բառերը: Հաճախ այսպիսին են դառնում ներման եւ ներողամտության մասին խոսակցությունները, որովհետեւ իշխանություններին կամ ընդդիմությանը ներման կոչեր անողները չեն պատասխանում ամենակարեւոր հարցին, կամ ավելի ճիշտ չեն պատկերացնում այդ հարցի գոյությունն իսկ: Իսկ հարցը հետեւյալն է. ասենք` ընդդիմության առաջնորդը ներեց իշխանության առաջնորդին, իշխանության առաջնորդը ներեց ընդդիմության առաջնորդին: Զոհերը ներեցին դահիճներին, դահիճները ներեցին զոհերին: Ցուցարարները ներեցին ոստիկաններին, ոստիկանները ներեցին ցուցարարներին: Սափրագլուխները ներեցին լրագրողներին, լրագրողները ներեցին սափրագլուխներին: Կարճ ասած` բոլորը բոլորին ներեցին: Պատկերացրեք, ուրեմն, պատկերացրեք` բոլորը բոլորին ներել են, առանց խտրականության եւ առանց բացառության: Հիմա ուշադրություն` հարցերի հարցը. բա հետո ի՞նչ ենք անելու: Հարցի մեջ բացարձակապես հեգնանք կամ կատակ չկա, որովհետեւ եթե ներումը չի հանգեցնում կոնֆլիկտային իրավիճակի հանգուցալուծման, եթե ներումը ներողներին եւ ներվողներին չի միավորում ընդհանուր նպատակի շուրջ, այն ուղղակի սովորական չարիք է: Եթե իշխանությունը ներում է ընդդիմությանը եւ շարունակում իր ապօրինությունները, իսկ ընդդիմությունն էլ ներում է իշխանությանը եւ նրան թույլ է տալիս հանգիստ իրագործել իր ապօրինությունները, ուրեմն` ներում կոչվածը ընդամենը ավելի է խորացնում ճգնաժամը եւ հուսահատությունը, ուրեմն ավելի է մեծացնում անխուսափելի պայթյունի պոտենցիալը: Ի վերջո, փոխադարձ եւ համատարած ներումները ընդամենը կնպաստեն այսօր առկա իրավիճակի պահպանմանը եւ խորացմանը: Այսօրվա վիճակը ոչ այլ ինչ է, եթե ոչ ներումների մի երկար ու աններելի շարքի արգասիք: Ընդդիմությունը փաստացի ներել է Հոկտեմբերի 27-ը, «Ա1+»-ի փակումը, Պողոս Պողոսյանի սպանությունը, ընտրությունների համատարած կեղծումները, իսկ իշխանությունը ներել է ընդդիմության եւ այլախոհության գոյությունն ընդհանրապես եւ զերծ մնացել «Գուլագ արխիպելագների» եւ գազային խցիկների ներդրումից: Եւ ահա այս ներումների երկարատեւ շարքի գոյությունը հանգեցրել է նոր ու ավելի մեծ ներումների անհրաժեշտության, ինչը վկայում է, որ հարկավոր է մի կողմ թողնել այս զբաղմունքը եւ պայքարել հանուն այնպիսի հանրության ձեւավորման, որտեղ խաղի կանոնները հստակ են, մատչելի են բոլորին, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ եւ օրենքի խախտում թույլ տվողները, արժեքները ոտնահարողները ներման չեն արժանանում երբեք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 26, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. MM
    Հունիս 27th, 2009 at 20:17 | #1

    Nikol, du han&arex es! Aysorinak nerum@ hishecnum e “DEPQ@ hishum em, bayc DEMQ@ chem hishum!” asacvacq@.

  1. No trackbacks yet.