> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՉԷԻՐ, ՉԷԻՐ, ՉԷԻՐ ՈՒԶՈՒՄ…

ՉԷԻՐ, ՉԷԻՐ, ՉԷԻՐ ՈՒԶՈՒՄ…

Դավիթ Աղայան. ՄատենադարանԱյսօր, երբ քաղբանտարկյալների զգալի մասը ազատության մեջ է, արժե, թերեւս, վերլուծել այն քաղաքական պրոցեսը, որի արդյունքում իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ստիպված եղավ գնալ նման քայլի, այսինքն` ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Սա, մեծ հաշվով, Հայ ազգային կոնգրեսի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաղթանակն է եւ ըստ էության` անհերքելի ապացույցը իշխանության թուլության ու խոցելիության։ Ընդ որում, իշխանությունը ինքը, մի շարք մարտավարական սխալներ թույլ տալով, նման եզրակացություններ անելու հիմք տվեց։ Համաներում կոչվածը իրոք կարող էր դառնալ իշխանության ուժեղության եւ համոզվածության խորհրդանիշ։ Բայց որպեսզի նման բան տեղի ունենար, այդ համաներումը պետք է իրականություն դառնար ճիշտ ժամանակ եւ ճիշտ շեշտադրումներով։ Սերժ Սարգսյանը, սակայն, կոպիտ սխալ թույլ տվեց` Մարտի 1-ի շրջանում հարուցված խայտառակ գործերին դատավարական ընթացք տալով։ Այսպիսով` իշխանության ներկայացուցիչները փորձեցին լուծել իրենց անհատական անձեռնմխելիության հարցը։ Հաշվարկը հետեւյալն էր. դատական վճիռներով հիմնավորել, որ 2008 թվականի Մարտի 1-ին իրոք եղել է իշխանության բռնազավթման փորձ, կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, եւ ուրեմն` իշխանությունները այդ օրվա եւ հետագա իրենց գործողությունների, զոհերի համար ենթակա չեն քրեական պատասխանատվության։ Այդ դատավարություններն ու դատավճիռները ինչ-որ տեղ պետք է ծառայեին նաեւ գործեր վարած քննիչների, դատախազների, ոստիկանների հետագա քրեական պատասխանատվության հարցը փակելուն։ Տեսության մեջ սա, իհարկե, ճիշտ մոտեցում է։ Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը ոչ միայն չկարողացավ դատավարությունները իրեն ցանկալի հունով տանել, այլեւ դրանք դարձան նորանոր բացահայտումների թատերաբեմ, բացահայտումներ, որոնք ընդամենը ապացուցում էին ապացուցվածը` Հայաստանի իշխանությունների գործած բազմաթիվ եւ բազմապիսի հանցանքների մասին։ Իշխանությանը փակուղային վիճակի առաջ կանգնեցրեց նաեւ Փաստահավաք խումբը, որի երկու զեկույցներն արդեն մի հսկայական եւ նոր քրեական գործի առիթ կարող են դառնալ։ Փաստահավաք խմբի զեկույցների ավելի մանրամասն ուսումնասիրությունը, սակայն, հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տալիս։ Մասնավորապես, անհասկանալի է մնում, թե ինչ նպատակով են Մարտի 1-ին ոստիկանները հրկիզող հատկություն ունեցող հատուկ միջոցներ կիրառել։ Պատասխանը ենթադրվում է ինքնին` հանրային եւ մասնավոր գույքի հրկիզումներ իրականացնելու եւ դրանց մեղքը ընդդիմության վրա գցելու համար։ Կարճ ասած` հիմա բավարար փաստեր կան` պնդելու համար, որ զանգվածային անկարգությունները իրոք կազմակերպվել են եւ կազմակերպվել են նույն իշխանավորների կողմից։ Կարճ ասած` այս ավելի քան մեկ տարին իշխանությունը չկարողացավ օգտագործել իր մարտիմեկյան հանցանքները կոծկելու համար, եւ հիմա ավելի ակնհայտ է, որ 2008-ի մարտի 1-ին ոստիկանության բոլոր գործողությունները եղել են ապօրինի, որ խանութների թալանը կազմակերպվել է Սերժ Սարգսյանի շրջապատի կողմից, որ Մարտի 1-ի զոհերի թիվը տասից ավելի է, որ հրկիզումները կազմակերպվել են ոստիկանության կողմից, որ իշխանությունը բռնազավթվել է այդ նույն իշխանության կողմից։ Այս բացահայտված փաստերի շարքը դեռ կարելի է շարունակել, բայց սրանք այն փաստերն են, որ ապացուցվել են իշխանության գործունեության արդյունքում։ Պատկերացրեք, թե ինչեր կարող են բացահայտվել անաչառ քննության կողմից։ Իսկ ընդհանրապես, իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվում էր` Արեւմուտքին համոզելով, թե այդ քայլը կարող է հղի լինել անկանխատեսելի հետեւանքներով, որ կարող է լինել քաղաքացիական պատերազմ եւ այլն, եւ այսպես շարունակ։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությանը զրկեց այս փաստարկից` Համաժողովրդական շարժումը տանելով «Սահմանադրական պայքարի» հունով։ Սա, թերեւս, այն առանցքային քայլն էր, որ իշխանությանը, ի վերջո, փակուղու առաջ կանգնեցրեց, եւ իշխանությունը ստիպված էր համաներում հայտարարել, ընդ որում` համաներումը հայտարարել այնպես եւ այնպիսի ժամանակում, որ անգամ թույլ հասկացողների համար ակնհայտ դառնա, որ սա ճարահատյալ քայլ է, որ իշխանությունը շատ կցանկանար չանել այդ քայլը, բայց ստիպված է անել։ Սրանում առանցքային դեր խաղաց նաեւ քաղբանտարկյալների անկոտրում կամքն ու միասնականությունը, սկզբունքայնությունն ու նվիրվածությունը արժեքներին։ Իհարկե, այս պատմությունը դեռ չի ավարտվել եւ նոր միայն սկսվում է։ Ճիշտ է, քաղբանտարկյալների մի մեծ մասը շարունակում է մնալ անազատության մեջ (հապացույց այն բանի, որ իշխանությունը չի ուզում, ահավոր չի ուզում ազատ արձակել ոչ մի քաղբանտարկյալի), մի մասը դեռ ընդհատակում է, բայց պայքարը շարունակվում է, պայքարը շարունակվելու է նոր թափով, եւ սա, թերեւս, ամենակարեւորն է։ Մնացածը լուծվող հարցեր են, լուծվող տեխնիկական հարցեր։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 23, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հունիս 23rd, 2009 at 22:53 | #1

    Ayn vor ishxanutyun kochvac@ cher uzum hamanerum anel-past e, bayc arec. Ayn vor chi uzum handznel ishxanutyun@ da el e past, bayc kherana. Miayn harkavor e chnk&ven bantum mnacacnern u @ndhatakum gtnvoxner@, dzer azatutyan or@ mi ayl shoqov enq nshelu!!!!!!!

  2. MM
    Հունիս 27th, 2009 at 20:46 | #2

    Hodvacum grvac e”ss-n kopit sxal tuyl tvec…” na voch mi sxal el chi tuyl tvel, na HANCAGORC e, ev kockelu hamar mi hancagorcutyun@ petq e katari hajord@, hajord@, u edpes sharunak minchev mek@ dzerq@ brni(mexm asac) u asi, es inch es anum? U qani vor unenq AMUL orensdir u datakan hamakarg, “dzerq@” brnox@ petq e lini joxovurd@ ir hastatakamutyamb.TUYL chtanq mez xama&ikner darcnel! MENQ ENQ KAMQ TELADROX@, isk ishxanutyun@ petq e lini mer KAMAKATAR@! MEN ENQ MER ERKRI TER@, isk nranq mez CARAYOXNER@! PAYQAR MINCHEV HAXTANAK!!!!!!(PAYQAR-i arachin mas@ katarvac e, mnac avartin hascnenq!)!

  1. No trackbacks yet.