> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ ՉԷ, ՈՐ ԻՆՁ ՍԻՐՈՒՄ ԵՍ»

«ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ ՉԷ, ՈՐ ԻՆՁ ՍԻՐՈՒՄ ԵՍ»

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի որոշումը` գյուղական ճանապարհների վերանորոգման 68 միլիոն դոլարանոց ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ, վկայությունը դարձավ այն բանի, որ ԱՄՆ-ի համար գործընկեր դառնալու` Սերժ Սարգսյանի ավելի քան մեկամյա ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։ Ինքը` Սերժ Սարգսյանը, հույս ուներ, որ Բարաք Օբամային Ցեղասպանության ճանաչման մասին հայտնի խոստումը կատարելուց խուսափելու հնարավորություն տալով` պուճուր ախպեր կդառնա նրա համար։ Բայց այդպես էլ չդարձավ պուճուր ախպեր, այլ շարունակեց մնալ նրա ջահելի կարգավիճակում։ Իսկ ջահելի հետ հարաբերություններում սկզբունքը ոչ թե փոխադարձ վստահությունն է, այլ նրա վրա ունեցած լծակների պահպանումը եւ գործադրումը։ Գործող իշխանությունը, արդեն մեկ տարուց ավելի, ամեն ինչ անում է, որ «Հազարամյակի մարտահրավերը» չդադարեցվի, ու այս նպատակով իրագործել է արտաքին քաղաքականության հանրահայտ քայլերը։ Բայց ԱՄՆ-ն, մեծ հաշվով, ուխտադրուժ գտնվեց եւ ոչ միայն դադարեցրեց ծրագիրը, այլեւ դա արեց երկարատեւ ու տանջալից մեկ տարվա ընթացքում, դա արեց այն պահին, երբ սերժանտական իշխանությունը գտնվում էր Երեւանի քաղաքապետի ընտրություն կոչվածի «էյֆորիկ» տպավորության տակ։ Սա այլ կերպ, քան ապտակ` դժվար է որակել։ Ու եթե հաշվի ենք առնում, որ ՀՄՀ-ի որոշմանը նախորդեց ԱՄՆ պետդեպարտամենտի` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին հայտնի զեկույցը, հաջորդեց` ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության հայտարարությունը Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն որոշել է որդեգրել «ջղայն ձաձայի» մարտավարությունը` ավելի ու ավելի ձգելով Հայաստանի վրա ճնշման պտուտակները։ Նման մարտավարության նպատակը մեկն է` սերժանտական իշխանությանը դնել ավելի ու ավելի ծանր վիճակում, որպեսզի նա մանեւրելու հնարավորինս քիչ տարածություն ունենա։ Վերջին ամիսներին կատարած քայլերից ու հատկապես` ապրիլի 22-ի տխրահռչակ հայտարարությունից հետո, սերժանտական իշխանությունը չէր հավատում, թե «Գյուղական ճանապարհներ» ծրագիրը կարող է դադարեցվել։ Բայց հիմա չի կարող չհասկանալ, որ կարող է դադարեցվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ավելի մեծ հատվածը նույնպես, որ վերաբերում է ոռոգման ցանցերին։ Իսկ այս փաստերի համադրումը նշանակում է, որ նման հեռանկարից խուսափելու համար Սերժ Սարգսյանը պետք է ԱՄՆ-ի համար ավելին անի, քան արել է մինչեւ օրս եւ անում է այս պահին։ Մեծ հաշվով, գործող իշխանության հետ հարաբերությունների այսօրինակ մարտավարություն է որդեգրել նաեւ Եվրոպան։ Ժամանակ առ ժամանակ սրելով կամ մոռացության տալով քաղբանտարկյալների հարցը` ԵՄ-ն Սերժ Սարգսյանին պահում է պատանդի կարգավիճակում` նրա հնարավոր գործողությունները ուղղորդելու լծակ ստանալով։ Հենց սրանում է քաղբանտարկյալների հարցի նկատմամբ ԵԽ հանդուրժողականության պատճառը. եթե Հայաստանում լուծվի քաղբանտարկյալների հարցը, Եվրոպան սերժանտական իշխանության վրա ունեցած կարեւոր լծակից կզրկվի, իսկ ռեալպոլիտիկի ժամանակակից աշխարհում ոչ ոք չի ցանկանում լծակից զրկվել։ Անգամ ավագ եղբայր Ռուսաստանը այլեւս չի հավատում հավատարմության երդումներին եւ ամենափոքր լծակն իսկ նախընտրելի է համարում ամենաճոխ երդումից։ Այնպիսի պայմաններով, որ Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի վարկ տրամադրեց, ահա այդպիսի պայմաններով վարկ կարելի է տրամադրել նույնիսկ թշնամուն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 17, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հունիս 17th, 2009 at 03:47 | #1

    Հավատարմությունը չգիտեմ բայց ՍՍ-ն լավ կաներ եթե սկսեր Հազարամյակի Մարտահրավերների հիմնային պայմաններին մի քիչ ուշադրություն դարձնել: Վերջիվերջո, այս ծրագիրը ոչ թե փոքրիկ բռնապետներին կերակրելու միջոց է, այլ դեմոկրատական երկրներին օգնելու նվեր:

    Իսկ միլիարդ+ Դոլարի վարկերը շատ ավելի զորավոր լծակ են:

  2. KOSTYA
    Հունիս 24th, 2009 at 15:19 | #2

    menq qez shat enq spasum u ete du gtnves bantaxcum ape menq payqarelu enq aynqayn vor du mer lav @nkerneri koxqin lines NIKOL jan es verji mitingin es qo erexeqi het ei canotace u nranq ind aveli hsta mcrecin payqari mej es qez shat em sirum PASHINYAN JAN

  1. No trackbacks yet.