> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԵԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԵԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Նարեկից

Նիկոլն Ազատության հրապարակում. փետրվար 2008Նիկոլ, խոստովանում եմ, որ ես էլ եմ քո հարցում մոլորության մեջ եղել, մանավանդ 2007-ի Իմպիչմենտի կայֆերի ժամանակ։ Մեջս միայն հակակրանք կար։ Բայց շատ պատահաբար ընկնելով այս սայթը, կարծիքս փոխվեց հաշված ժամերի ընթացքում, ու սա հիմնականում «Երկրի հակառակ կողմը» կարդալուց հետո։ Սա համարում եմ երևույթ ժամանակակից հայ գրականության մեջ։ Իմ կարծիքն է, և չեմ խորշում արտահայտել, չնայած որ գրականագետ չեմ, իսկ ժամանակակից գրողներից, ճանաչում եմ ընդամենը մի 4 կամ 5 հոգու։ Բայցևայնպես։ Նաև շնորհավորում եմ Սայթի համար, չգիտեմ երբ ա ստեղծվել, բայց ճաշակս բռնեց, բռավո ստեղծողներին։ Դե իսկ քո գրած էդ վիպակը անպայման պիտի լույս տեսնի չէ՞։ Արժի։ Ես արդեն իմ մի քանի ծանոթների ռեկլամել եմ, որ կարդան։ ի դեպ ես կարդացի առաջին 70 գլուխը, ժամերի ընթացքում։ Այ թե հետաքրքիր էր։ Հարցեր տալու ժամանակը դեռ կգա…բայց միանում եմ էն հարցին, որ Սիրադեղյանի վեպին էր վերաբերվում։ Իսկ Այդին Մորիկյանը մահացավ… եթե լիներ էդ վեպը ձեռքիս տակ, ես էլ հաճույքով կկարդայի..

Նիկոլի պատասխանը - Սիրելի Նարեկ. ի դեմս Այդին Մորիկյանի Հայաստանը կորցրեց արժանի քաղաքացու, սկզբունքային գործչի, տաղանդավոր լրագրողի եւ խմբագրի: Նրա մահը ցավ է բոլորիս համար: Իսկ ձեր հիշատակած գրքում, որ հրատարակել է Մորիկյանը, ոչ թե Սիրադեղյանի վեպն է, այլ պատմվածքներ եւ հոդվածներ:

Ինչ վերաբերում է այս էջ-կայքին, իսկապես այն կյանքի կոչած իմ ընկերները բացառիկ լրջությամբ են վերաբերվել գործին:

Սիրելի Նարեկ. ուրախ եմ, որ իմ մասին ձեր նախնական կարծիքը փոխել եք, եւ ձեր հակակրանքը վերափոխվել է համակրանքի: Չնայած` կարծում եմ, որ ամեն մարդու, այդ թվում` իմ մեջ` հակակրանքի արժանի նույնքան բան կա, որքան համակրանքի արժանի: Այլ հարց, թե տվյալ իրավիճակում, ժամանակի ու տարածության տվյալ հատվածում համակրանքի արժանի հատկանիշնե՞րն են երեւում, թե՞ հակակրանքի: Եթե ուշադիր եք եղել, այդ գրվածում չեմ թաքցրել նաեւ հերոսի` հակակրանքի արժանի հատկանիշները, բայց կարեւորն այն է, որ նրա համար կատարյալին ձգտելու հատկանիշը ամենակարեւորն է, եւ դեպի կատարելություն տանող ճանապարհը երբեմն անցնում է ընդհուպ պղծության միջով, որովհետեւ բարձրի քաղցրությունը մեզ այնքան սիրելի չի լինի, եթե մենք զգացած չլինենք ցածրի գարշահոտությունը: Բայց խոստովանեմ, «Երկրի հակառակ կողմը» մի յուրատեսակ երկխոսության փորձ է եւ այն մարդկանց հետ, ովքեր մեր պայքարի մեջ հակակրանքի արժանի բաներ են տեսնում, նաեւ այն մարդկանց հետ, ովքեր մեր պայքարում համակրանքի արժանի բաներ են տեսնում: Այս մոտեցման պատճառն այն է, որ քաղաքականության մեջ ինձ ամենաշատը դուր չի գալիս այն, որ քաղաքական գործիչը ստիպված է դուրս գալ մարդկանց առաջ եւ ապացուցել, թե որքա~ն լավն է ինքը, որքան ազնիվ է, որքան մաքուր է, որքան խելացի, որքան բարի, որքան մարդկային: Միշտ մտածել եմ քաղաքական այնպիսի գործունեության մասին, երբ քաղաքական գործիչը դուրս է գալիս հանրության առաջ եւ նախ` Նարեկացու «Մատյան ողբերգության» հերոսի նման խոստովանում իր բոլոր մեղքերը: Ու հանրությունը հավատում է այդ մարդուն, եւ հանրությունը հասկանում է, որ այդ մարդու բոլոր մեղքերը նաեւ իր մեղքերն են, ու քաղաքական գործիչը դառնում է ոչ թե սովորական իշխանության հավակնորդ, այլ վարդապետության կրող, որը հանրությանը մղում է, տանում է, առաջնորդում է դեպի ապաշխարանք, դեպի թռիչք: Նման գործունեություն, չգիտեմ, հնարավո՞ր է իրական կյանքում, թե ոչ` բայց «Երկրի հակառակ կողմի» հերոսի գիտակցության խորքում այս մղումն է թաքնված: Բայց այդ հերոսը, միեւնույն է, չի ունեցել համարձակություն իր մասին ասել ողջ ճշմարտությունը, եւ միեւնույն է` տրվել է ինքն իրեն հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու գայթակղությանը, եւ խոստովանանքի նրա փորձերը երկչոտ են, չափազանց երկչոտ:

Սիրելի Նարեկ, ուրախ եմ, որ «Երկրի հակառակ կողմը» ձեզ դուր է եկել, չնայած չեմ կարծում, թե արժե այն ավելի բարձր գնահատել, քան ինքը կա: Իսկ առանձին գրքով անպայման հրատարակվելու է: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.