> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ, ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՐԲԵՔ

ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ, ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՐԲԵՔ

Երեւանի քաղաքապետի եւ ընդհանրապես` վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին հաջորդած դիտորդական գնահատականների տարբերությունները երբեմն զարմանալի չափերի են հասնում։ Տարբեր դիտորդներ, ըստ էության, հնչեցնում են մեկը մյուսից տրամագծորեն տարբերվող գնահատականներ։ Մինչեւ օրս այս երեւույթի համար զանազան բացատրություններ են հնչեցվել, որոնցից յուրաքանչյուրը արժանի է ուշադրության եւ ունի համապատասխան հիմքեր։ Բոլոր այդ հիմքերը, սակայն, չեն բացառում այն իրողությունը, որ իրականում դիտորդները, ընտրությունների ընթացքին հետեւելիս, իրենց տեսածը գնահատում են ոչ թե բացարձակության, այլ Հայաստանի մասին իրենց ունեցած պատկերացումների համատեքստում։ Արթուր Սաքունցը, օրինակ, Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունները որեւէ կերպ չի կարող օրինական համարել, որովհետեւ Հայաստանի, նրա ապագայի մասին ունի այնպիսի պատկերացումներ, որոնք կտրուկ հակասության մեջ են մտնում այսօրվա բոլոր, այդ թվում եւ ընտրական իրողությունների հետ։ Փոխարենը, ասենք, Գալուստ Սահակյանը չի կարող որեւէ վերապահում ունենալ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, որովհետեւ նրա վաղեմի երազներում Հայաստանը հենց այնպիսի երկիր է եղել, ինչպիսին այսօր կա։ Չնայած` այդ երազներում ոչ թե Հայաստանն է կենտրոնական ֆիգուրը, այլ ինքն ու իր կլանը` կերակրատաշտին հնարավորինս մոտիկ։ Մեծ հաշվով, հանրության մի որոշակի շերտը նույնպես ընտրություններին վերաբերվում է Հայաստանի մասին իր ունեցած պատկերացումներին համապատասխան։ Որքան էլ ընտրակաշառքի, ձայներ վաճառելու երեւույթի մեջ տեսնենք սոցիալական պատճառներ, այս երեւույթի հիմնական հարուցիչը այն է, որ քաղաքացիների որոշակի շերտեր կորցրել են Հայաստանի վաղվա մասին իրենց երազանքը։ Նրանք այլեւս չեն էլ հավատում, որ Հայաստանը կարող է նորմալ, արժանապատիվ երկիր լինել, եւ ուրեմն` միակ հնարավոր տարբերակ են համարում առկա իրողությունների հետ համակերպվելը։ Թերեւս, սրանով է երկրի, հայրենիքի քաղաքացին տարբերվում սովորական սպառողից. Քաղաքացին իր երկրի վաղվա օրվա մասին երազանք ունի, վերանձնական երազանք, իսկ ահա սպառողը, ընտրակաշառք վերցնողը կամ երբեք չի ունեցել այդ երազանքը, կամ կորցրել է այն։ Երազանք ունեցող մարդուն հնարավոր չէ գնել, հնարավոր չէ մոլորեցնել. դրա համար հարկավոր է նախ սպանել, արմատախիլ անել նրա երազանքը։ Այստեղից էլ բխում է, որ քաղաքացիական հասարակություն կոչվածի ձեւավորման համար առաջին անհրաժեշտ պայմանը երկրի վաղվա օրվա մասին ընդհանրական երազանքի ձեւավորումն է, այնպիսի երազանքի, որ կիսում են երկրի քաղաքացիները, երկրի գրեթե բոլոր քաղաքացիները` անկախ քաղաքական հայացքներից եւ սոցիալական դիրքից։ Բայց սա առանձին խոսակցության թեմա է. վերադառնալով դիտորդներին` պետք է ընդգծել, որ ընտրությունների դիտարկման եւ գնահատման վերը բերված սկզբունքը վերաբերում է նաեւ միջազգային դիտորդներին։ Միջազգային էմիսարները, ըստ էության, ընտրությունների ընթացքում իրենց տեսածը գնահատում են տվյալ երկրի մասին իրենց ունեցած պատկերացումներով։ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս երեւույթը դիպուկ կերպով զուգահեռեց ռասիզմի հետ, բայց շատ հետաքրքիր է այս ռասիզմի պատմությունը։ 2003 թվականի նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները խիստ բացասական գնահատական տվեցին, բայցեւ շեշտեցին, որ այդ ընտրությունների արդյունքներն ընդունել-չընդունելը Հայաստանի ժողովրդի որոշելիքն է։ Մենք բոլորս թույլ տվեցինք, որ կեղծարարները կուլ տան այդ հանցագործությունը, եւ դրանից հետո ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային դիտորդները գնահատեցին մեկ քայլ առաջ, որովհետեւ 2003-ից հետո միջազգային հանրության աչքում Հայաստանի ժողովրդի մակարդակը, Հայաստանի քաղաքական մակարդակը համապատասխանաբար անկում ապրեց։ Դրանից հետո տեղի ունեցած ընտրությունները միջազգային դիտորդները գնահատում են ոչ թե ընդհանրապես, այլ Հայաստանի «գյորա»։ Եւ եթե այս իրողությունից ելնենք, ցանկացած ընտրություն, որ Հայաստանում տեղի է ունեցել, այսինքն` սկսվել եւ ավարտվել է, ընդ որում, առանց զոհերի եւ էական ավերածությունների, պետք է հաջողված համարել։ Սա` նրանց համար, ովքեր Հայաստանը համարում են սպիտակ Զիմբաբվե։ Իսկ Հայաստանի վաղվա մասին երազանք, քաղաքացիական երազանք ունեցող մարդիկ ընդամենը կամրապնդեն իրենց ուխտը իրենց երազած Հայաստանի հետ, որի իմաստը հետեւյալն է. այս այլասերման եւ պղծության հետ չհամակերպվել երբեք, չհամակերպվել երբեք եւ հանուն երազանքի պայքարել մինչեւ վերջ, պայքարել մինչեւ վերջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 4, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Anonymous
    Հունիս 4th, 2009 at 11:59 | #1

    yerbeq chenq hamakerpvi

  2. Նարեկ
    Հունիս 4th, 2009 at 17:24 | #2

    ես էլ եմ հիշում, որ 2003ին շատ վատ գնահատական տվեցին նախագահական ընտրություններին։

  3. Armen M.
    Հունիս 6th, 2009 at 01:13 | #3

    ete i vichaki enq moranal ayn amen@ inch sranq arecin???Mer Me&eric Hrant Matevosyann er asel-Mard@ anasunic tarbervum e ir hishoghutyamb…

  1. No trackbacks yet.