> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԼՈ, ՎԱՀԵԻՆ ԿԱՐԵԼԻ Ա՞

ԱԼՈ, ՎԱՀԵԻՆ ԿԱՐԵԼԻ Ա՞

Գարուն պիտի գար...Այն, ինչ կատարվում է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի շուրջ, ի վերջո կանխատեսելի եւ վատ բեմադրված թատրոն է։ Չեզոքություն չեզոքութեանցը` Փաստահավաք խմբում օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, հրաժարական է տվել` պատճառաբանելով վերջին երկու տարվա ընթացքում արդեն իսկ մաշված տերմինաբանությունը։ Թե` բա չե~ք ասիլ, անհանդուրժողականության մթնոլորտ է Փաստահավաք խմբում, եւ ինքը, որպես Հանդուրժողականություն հանդուրժողականութեանց, արդեն իսկ չի կարողանում խմբի ընդդիմադիր եւ իշխանամետ կողմերին հանդուրժողականություն ներշնչել, եւ ահա` հուսահատված, բարոյական մաժորի վրա հեռանում է Փաստահավաք խմբից, որպես հանդուրժողականության վերջին մոհիկան. հայկական Չինգաչկուկ, կարճ ասած։ Ստեփանյանը այնպիսի գորովանքով է խոսում փաստահավաք հանդուրժողականության մասին, որ կարելի է ենթադրել, թե գործ ունենք ոչ թե տասը մարդու կյանք խլած սպանդի հանգամանքներն ուսումնասիրող կառույցի, այլ պիոներական ճամբարի հետ։ Փաստահավաք խումբը հենց անհանդուրժողական մթնոլորտ ունենալու համար էլ ստեղծվել է, որովհետեւ հենց այդ անհանդուրժողականությունն է բացահայտելու ճշմարտությունը, որովհետեւ դատախազությունը եւ ՀՔԾ-ն, որտեղ տիրում է հանդուրժողականության եւ համաձայնության մթնոլորտ, ընդամենը փաստերը կոծկելով եւ թիվ մեկ եւ թիվ երկու հանցագործներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արարքները թաքցնելով են զբաղված եղել։ Եւ ուրեմն` Ստեփանյանի փաստարկները հանդուրժողականության եւ այլնի մասին` միամիտների երեկոյում հնչած ճառի են նման։ Իրականում, սակայն, տեղի է ունեցել բոլորովին ուրիշ բան։ Փաստահավաք խմբի առաջին փաստաթղթի հրապարակումից հետո, երբ փաստաթղթավորվեց, որ «Մարտի մեկի» գործով նախաքննության մարմինը զբաղված է եղել սեփական ծառայակցի` ՀՀ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի արյունապղծությամբ, իշխանությունը հասկացավ, որ պրոցեսը դուրս է գալիս վերահսկողությունից։ Իշխանությունը հասկացավ, որ փաստահավաք գրասենյակը հարկավոր է փակել։ Բայց եթե դա արվեր կոալիցիայի ներկայացուցիչների հրաժարումի միջոցով, կատարվածի իմաստն ու ենթատեքստը ակնհայտ կլիներ, կատարվածը ընդամենը կլիներ մի մասը իշխանությունների մեղադրական եզրակացության։ Եւ ահա, այսպիսի անհետաձգելի եւ անկանխատեսելի դեպքերի համար են իշխանական միջանցքներում բուծվում չեզոքները, որ անհրաժեշտ պահին նրանց հնարավոր լինի օգտագործել` ըստ նպատակահարմարության։ Ինչ վերաբերում է Ստեփանյանի հրաժարականին` սրան հասնելու համար բավարար կլիներ, որ մի անհայտ գիշերային զանգ նրան հորդորեր հավաքել իրերը եւ սիգաքայլ հեռանալ Փաստահավաք խմբից։ Վահե Ստեփանյանը այն մարդն է, որի նկատմամբ ավելի կոշտ միջոց կիրառելու հարկ չկա անգամ։ 1997 թվականին, երբ Ստեփանյանը ՀՀ արդարադատության նախարար էր` տեղը բերեք` արդարադատության նախարար, ինչ-որ մի հայտարարություն էր արել, որ դուր չէր եկել այն ժամանակվա գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին։ Եւ ահա, իր ասուլիսում Հենրիկ Խաչատրյանը, արդարադատության նախարար Ստեփանյանի մասին խոսելով, նրան անվանելու համար օգտագործեց «այդ երիտասարդը» արհամարհական ձեւը։ Եւ այս արտահայտությունը բավարար էր, որպեսզի Ստեփանյանը հեռանա հանրային եւ քաղաքական տեսադաշտից եւ մատնվի անհայտության հանդուրժողականությանը։ Վահե Ստեփանյանի անունը այդ տխրահռչակ հայտարարությունից միայն տասը տարի անց նորից ի հայտ եկավ հրապարակում, այն ժամանակ, երբ նա հայտնվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ղեկավարի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է Փաստահավաք խմբին, իշխանությունը ճիշտ ժամանակին կաթվածահար արեց նրա գործունեությունը։ Այս կառույցում Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը թույլ է տալիս բացառել ցուցարարների կողմից նրա սպանված լինելու տարբերակը։ Իսկ ահա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը հանգեցնելու էր այն եզրակացության, որ զինվորը սառնասրտորեն գնդակահարվել է սեփական հրամանատարության կողմից։ Ավելի լայն իմաստով, Մարտի 1-ի համատեքստում չկա մի փաստ, որի «հավաքումը» չբերի եզրակացության, որ տեղի է ունեցել պետական ծանրագույն հանցանք` իշխանության զավթման նպատակով սեփական քաղաքացիների սպանդ` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ ու հրամանով։ Իսկ Վահե Ստեփանյանի նման մարդիկ, անգամ իրենց տանը փակված` վերմակի տակ այս մասին մտածելիս, հիպերտոնիկ կրիզի են հասնում, էլ ուր մնաց, որ Ստեփանյանը սեփական ձեռքով դասավորի այդ անիծյալ փաստերը։ Եւ Վահե Ստեփանյանին պետք չէ բացատրել, թե ում համար է հնչում գիշերային զանգը։ Գիշերային զանգը հնչում է իր համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 30, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.