ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻՆ
Նեմեց Ռուբոն երեկ հանդես է եկել իրեն վայել հերթական ասուլիսով: Ըստ լրատվամիջոցների, անդրադառնալով «Հայկական ժամանակի» հետ ունեցած դատական վեճին եւ նկատի ունենալով «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ասել է. «Ես էլ լսել եմ, որ «Արթիկի» գաղութում շատ վատ արարք են արել իրա հետ, որ տղամարդուն վայել չի: Բայց ես դրան չեմ հավատում, ազնվորեն չեմ հավատում: Հո չեմ կանգնի ասեմ, որ դա ճիշտ ա», – ասել է Հայրապետյանը: Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին ի պատասխան արել է հետեւյալ մեկնաբանությունը.
«Եթե լրատվամիջոցների հաղորդածը ճշգրիտ է, կարող եմ ասել հետեւյալը. դեռեւս 2010 թվականի հուլիսի 9-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից գրված մի խմբագրականում վարկած էի առաջ քաշել, թե Սերժ Սարգսյանն է Նեմեց Ռուբոյի հետ վատ արարք անում պարբերաբար, այնպիսի արարք, որ տղամարդուն վայել չէ եւ ինչը նկատի ունի Նեմեց Ռուբոն (http://www.nikolpashinyan.com/?p=1761): Վերջինս, սակայն, չգիտես ինչու, դատի չտվեց, նույնիսկ չանդրադարձավ այս թեմային: Եթե այս մարդու համար վիրավորական է որեւէ հանցագործության հետ առնչություն ունենալու ակնարկ պարունակող հրապարակումը, որի համար դատի է տալիս, ինչու՞ ուրեմն վիրավորական չէր պարբերաբար վատ արարքի ենթարկվելու ակնարկ պարունակող հրապարակումը: Մի՞թե այն պատճառով, որ վարկածը համապատասխանում է իրականությանը:
Մեղքս ինչ թաքցնեմ, ազատության մեջ հայտնվելուց հետո չէի եղել Կոմիտասի անվան Պանթեոնում, ու երեկ, երբ Օհան Դուրյանի ծննդյան օրվա առիթով այցելեցի, շոկը ինձ պատեց: Ես գիտեի` Պանթեոնը Հայոց մեծերի աճյուններն ամփոփող սրբատեղի է, երեկ, սակայն, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այն վեր է ածվել Անդրանիկ Մարգարյանի անձնական դամբարանի: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնում: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնի ամենակենտրոնում: Խնդիրն այն է, որ այդ գերեզմանին տրամադրված է այնպիսի տարածք, այն կառուցապատված է այնպիսի ճոխությամբ եւ մտահղացմամբ, որ դարձել է Պանթեոնի առանցքը, կենտրոնը, կորիզը: Եգիպտական դամբարան լինի ասես. կենտրոնում փարավոնն է, իսկ նրան շրջապատում են «ոչ այնքան կարեւոր անձանց» շիրիմներ, որոնք ֆոն են ծառայում հիմնական, առանցքային, ամենակարեւոր գերեզմանի համար: Նման բան, իհարկե, չկա գրված, նման բան չի ասվում ոչ մի տեղ, բայց այդպես գրված է ճարտարապետության լեզվով, շինարարության լեզվով, զգացողության եւ ռելիեֆի լեզվով:
Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում
