ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Հեղինակ` Թագուհի Թովմասյան
«Ժողովուրդ» օրաթերթն այսուհետ կհասնի նաեւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս մեզ ուղարկված նամակում շնորհավորել է «Ժողովուրդ» թերթի հիմնադրման առիթով եւ իր «ջերմ բարեւները փոխանցել «Ժողովուրդ» օրաթերթի ժողովրդին»` լավագույն մաղթանքներով բարի երթ ցանկանալով մեր թերթին:
Լրատվամիջոցների կազմակերպած ակցիայի շրջանակներում մայիսի 28-ին ուղարկված մեր հարցերին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
- Հայ ազգային կոնգրեսի շատ կողմնակիցներ շարունակում են պնդել, որ պետք է նստացույց սկսել, սակայն ՀՀ առաջին նախագահը չի գնում այդ քայլին: Ի՞նչ ես մտածում այդ կապակցությամբ:
- Մտածում եմ, որ թե՛ նստացույց պահանջողները, թե՛ առաջին նախագահը ճշգրիտ են գործում: Նստացույցը քաղաքական պայքարի գործիք է, ինչպես, օրինակ, անձրեւանոցը կենցաղում: Նստացույց առաջարկողները կամ պահանջողները իրենց դեմքին անձրեւի առաջին կաթիլները զգալով` առաջարկում են բացել անձրեւանոցներ` ելնելով այն կանխավարկածից, որ միեւնույն է, անձրեւը գալու է: Առաջին նախագահը առաջարկում է սպասել-տեսնել` անձրեւը գալո՞ւ է, թե՞ արեւ է բացվելու: Նաեւ գնահատել` դա անձրեւ՞ է լինելու, թե՞ հեղեղ. գուցե կարկո՞ւտ: Սա կարեւոր է, որովհետեւ եթե տեղումներ լինելու են, եւ` կարկուտի տեսքով, հնարավոր է անձրեւանոցը չօգնի եւ անհրաժեշտ լինի պատսպարվելու համար տաղավար կառուցել:
Նստացույց պահանջող ակտիվիստները գործում են զինվորի հերոսական խիզախությամբ, եւ դա պետք է ողջունել: Առաջին նախագահը գործում է առաջնորդի իմաստնությամբ եւ հանդարտությամբ, եւ դա պետք է ողջունել: Կարդալ շարունակությունը …
Պակաս հետաքրքիր չէ հետեւել, թե ինչպես են արձագանքում քաղաքական դաշտի ֆլյուիդային հատվածի ներկայացուցիչները իշխանություն-ընդդիմություն երկխոսության` այս պահին տեսական հնարավորությանը: Քաղաքական դաշտի ֆլյուիդային հատված ասելով` նկատի ունեմ այն ուժերին եւ անհատներին, ովքեր մի տեսակ խարխափում են քաղաքական կյանքի մոտակայքում, փորձելով ինչ-որ դերակատարում ստանձնել: Փորձում են` բավականին երկար ժամանակ: Այդ ժամանակի մեկնարկը զուտ պայմանականորեն կարելի է համարել 2008 թ. մարտի 1-ին հաջորդած շրջանը: Հետադարձ վերլուծությունը, ահա, ցույց է տալիս, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո քաղաքական որոշակի ուժեր, որոշ անհատներ մեծ հեռանկար էին տեսնում իրենց առջեւ, որովհետեւ հաշվարկում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումը ջախջախված է եւ ոտքի կանգնելու շանսեր չունի: Ըստ այդմ, միակ բանը, որ անհրաժեշտ էր անել վերը հիշատակված ուժերին` Համաժողովրդական շարժում - Հայ ազգային կոնգրեսի թաղման հանձնաժողով ձեւավորելն էր, Կոնգրեսի թաղումը ճոխության կանոններին համապատասխան կազմակերպելը եւ հանգուցյալի հարազատի կարգավիճակով նրա տեղը գրավելն ու նրա արդարացի դատի դրոշակը ծածանելով` քաղաքական ընդդիմության դերակատարում ստանձնելը` Համաժողովրդական շարժման բեկորներին սեփական տանիքի տակ հավաքելով:
Հետաքրքիր, շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են ինչ-որ փորձագետներ, քաղաքական գործիչներ, դիտորդներ քննարկում այն հարցը, թե ինչու եւ ինչպես է Հայ ազգային կոնգրեսը «մեղմացրել իր դիրքորոշումը» ներքաղաքական հարցերում: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Կոնգրեսին համակիր որոշ գործիչներ ներքաշվում են այսօրինակ խոսակցությունների մեջ եւ սկսում բացատրել, որ Կոնգրեսը «մեղմացրել է դիրքորոշումը»` հանուն պետության, Ղարաբաղի, ապագայի:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ եւ ավագ Իկեր Կասիլիասը Իսպանիայի` ֆուտբոլի արքայական գավաթը ստանալու համար բարձրացավ արքայական տրիբունա: Գավաթը նա պետք է ստանար Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսից: Բայց Կասիլիասը չշտապեց դա անել. նախ բարձրացավ թագավորի դիմաց գտնվող բազրիքին, հավասարակաշռությունը պահելու համար ձեռքը դրեց թագավորի ուսին, հենվեց նրա վրա: Կասիլիասի այդ ձեռքն, ի դեպ, քիչ առաջ ավարտված «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի ողջ ընթացքում դարպասապահական ձեռնոցների մեջ էր եղել:
Աշխարհակալության երազանքը անթեղված է յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ: «Ամեն հայ երրորդ բաժակից հետո դաշնակ է» արտահայտությունը դիպուկ է բնորոշում մեր ազգային հոգեվիճակը: Աշխարհակալության, ծովից ծով Հայաստանի երազանքը ժամանակ առ ժամանակ ալեկոծում է մեր ազգի ցանկացած ներկայացուցչի հոգին, նույնիսկ նրանց, ում ընդունված է անվանել կոսմոպոլիտ, նույնիսկ` ապազգային:
Բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միանգամից: Խիստ սովորական այս նախադասությունը բարձրաձայնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Շիրակի մարզում լրագրողների հարցերին պատասխանելիս: Սովորական, սովորականից դեռ ավելի սովորական այդ նախադասությունը, սակայն, վարչապետի կատարմամբ դադարում է սովորական լինելուց, անսովոր խորք է ձեռք բերում եւ կարող է մեկնաբանել որպես գործող կառավարության անզորության խոստովանություն: Նման բան չէինք կարող ասել, եթե Տիգրան Սարգսյանը միանգամից բոլոր հարցերը լուծելու անհնարինության մասին խոսեր 2008թ. ապրիլին, երբ նոր էր վարչապետ նշանակվել, 2008թ. սեպտեմբերին, երբ էլի նոր էր վարչապետ նշանակվել, 2009թ.` ջայնամ` ապրիլին, երբ դեռ էլի կարող էինք համարել, թե նոր է վարչապետ նշանակվել:

