ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 5.
5. Խըշ, խըշ… օբյեկտը ձանձրանում է
2009-ի հուլիսի 1-ին ընդհատակից դուրս գալով` այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, եւ մինչ ՀՀ իրավապահ համակարգը մարսում էր իմ` դատախազության շենքում գտնվելու փաստը, մոտ 20 րոպե պատասխանեցի լրագրողների հարցերին։ Այս ծավալուն հարցուպատասխանի ընթացքում ըստ էության շրջանցեցի Ազգային անվտանգության ծառայության թեման։ Այսպես վարվեցի` ի հեճուկս այն բանի, որ դեռեւս 2008-ի փետրվարից հենց ԱԱԾ-ին էին տրվում ինձ հետ կապված բոլոր հանձնարարականները, այդ թվում եւ` հնարավոր «զախվատի» ժամանակ ինձ ֆիզիկապես ոչնչացնելու մասին։ Հենց ԱԱԾ-ում է մշակվել իմ կողմից «իրավապահներին» զինված դիմադրության իմիտացիա ստեղծելու եւ իմ «չեզոքացումը» դրանով բացատրելու պլանը։
Այս ծրագրի շրջանակներում է, որ 2008-ի մարտի 2-ին մեր տանը խուզարկություն իրականացնող ԱԱԾ-ականները փորձել են ատրճանակ տեղադրել լոգարանակոնքի տակ։ Սա անհրաժեշտ էր` իշխանությունների կողմից ինձ համար նախապատրաստվող «զինված հանցագործի» իմիջն ամբողջացնելու համար։ Ատրճանակի տեղադրումը, սակայն, կանխվել էր իմ հարազատների կողմից։



