ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
(Դիտեք ելույթի տեսագրությունը)
Սիրելի հայրենակիցներ.
Համազգային շարժման 19-րդ տարեդարձի օրը հրավիրված այս հանրահավքում ես պատեհ եմ համարում իմ ելույթը սկսել Ղարաբաղ կոմիտեի անդամների թվարկումով` ըստ անունների այբբենական ցանկի։ Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Բաբկեն Արարքցյան, Դավիթ Վարդանյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Սամվել Գեւորգյան, Սամսոն Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան։
Ես գիտեմ, որ վերջին 19 տարիները այս գործիչներին ավելի շատ հեռացրել են, քան թե միավորել։ Գիտեմ նաեւ, որ այս գործիչներից շատերը համոզված են, որ այլեւս ոչ մի ընդհանուր ճանապարհ չունեն։ Եւ ուրեմն, ինչո՞ւ եմ հիմա այս անունները բարձրաձայնում, եւ դնում կողք կողքի։ Ես դա անում եմ, որովհետեւ, խոսում եմ այն մարդկանց կամ սերնդի անունից, ով ուզում է տեր լինել այն ամենին, ինչ 1988 թվականին միավորում էր այս գործիչներին։ Ավելին, խոսում եմ այն մարդկանց եւ սերնդի անունից, ով ուզում է տեր լինել նաեւ այն ամենին, ինչ այս 19 տարիների ընթացքում բաժանել է նրանց։ Ես խոսում եմ այն մարդկանց եւ սերնդի անունից, ով ուզում է դառնալ այն ընդհանուրը, որ այս գործիչները կարող են ունենալ 5, 10, 15 տարի անց։ Ասել է, թե ես խոսում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։


