Անկեղծ ասած, չէի ուզում գնալ Թիֆլիս: Հավես չկար: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին` երկարատեւ ընդմիջումից հետո տանը բազմոցին թավալ տալը երանություն էր թվում:
Բայց ընկերներիս, ընտանիքիս հորդորները ազդեցին, եւ, չնայած որոշակի դժկամությամբ, ճանապարհորդելու որոշումը կայացրի: Ճանապարհին էլ ավտոյի անիվը պայթեց, ու ստիպված էի մայրուղու վրա, ամայի մի տեղ պագրիշկա փոխել` Թիֆլիսը մտքումս հայհոյելով: Հասնելուց հետո էլ մտածում էի` երկու օր ի՞նչ եմ անելու էստեղ, բայց երկու օր մնալուց հետո որոշեցի մեկ օրով էլ երկարաձգել այցելությունս, հետո էլ փոշմանեցի, որ ավելի վաղ չեմ եկել` մի երկու օր ավել մնալու հնարավորությունից ինքս ինձ զրկելով. աշխատանքային օրերն էին սկսվում:
Ապրող քաղաք. սա է այսօրվա Թբիլիսիի իմ բնորոշումը, եւ դրան հասա` փորձելով գտնել հարցի պատասխանը, թե ինչն է այսքան գրավում ինձ այդ քաղաքում: Թբիլիսին ապրում է, քաղաքում մթնոլորտ կա, քաղաքը շնչում է եւ քեզ շնչելու անսահմանափակ հնարավորություն տալիս: Դա մի քաղաք է, որ ունի պատմություն, հպարտանալ գիտե իր պատմությամբ եւ դեմքիդ ճչում է, որ ինքն ունի ապագա: Ունի, թե չունի` տվյալ պահին էական չէ, Թիֆլիսը մի քաղաք է, որ ճառագում է վստահությամբ` սեփական ապագայի նկատմամբ: Եւ դա ասված է, ասված է քաղաքաշինության լեզվով, որ լեզուներից ամենաազդեցիկն է, որովհետեւ մտածողություն է կերտում, կուլտուրա, կանոն եւ կարգ:
Սրա ամենավառ արտահայտությունը Թբիլիսիի Դավիթ Շինարար թագավորի փողոցի այսօրվա տեսքն է: Այդ փողոցին թիֆլիսեցիները հին սովորությամբ Պլեխանով են կոչում, ինչպես մենք` Մաշտոցի պողոտային ասում ենք Պռոսպեկտ: Ի՞նչ են արել Վրաստանի իշխանությունները. պետբյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսել, եւ այս երկար փողոցի բոլոր շենքերի պատմական ֆասադները վերականգնել, վերանորոգել, կարծես դրանք նոր են կառուցվել: Այդ փողոցում կան 18-րդ դարի, 19-րդ դարի, 20-րդ դարասկզբի շենքեր, դրանց բոլորի ֆասադները ենթարկվել են մանրակրկիտ ռեստավրացիայի: Նույնիսկ փայտյա պատուհանները չեն փոխարինվել մետաղապլաստով: Չեմ խոսում դռների մասին. դռները այսօր հենց այնպիսին են, ինչպիսին եղել են ի սկզբանե` մեկ դար, երկու դար առաջ. փայտե, փորագրված: Վերանորոգված եւ վերականգնված: Պատշգամբները` փայտե կամ երկաթե բազրիքներով ու նախշերով, շուշաբանդները… (նկարներում): Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Հեղափոխություն