ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ

Հուլիս 1, 2009


Ներբեռնել հայտարարության տեսագրությունը (.ZIP file)

Սիրելի ժողովուրդ.

Քիչ հետո ես կլքեմ այս տարածքը, որ հանգամանքների բերումով ստիպված եմ ընդհատակ անվանել, եւ ուղղություն կվերցնեմ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քայլին դիմում եմ ի կատարումն ընդհատակից դուրս գալու եւ հատագա քաղաքական պայքարս բանտում շարունակելու խոստման: Այս ծրագրի իրագործման համար ինձ անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայության օգնությունը, եւ ես մի քանի ժամից կլինեմ այնտեղ:

Ընդհատակից դուրս գալու որոշման հիմնավորումներին անդրադարձել եմ հունիսի 24-ի հայտարարության մեջ, եւ չեմ կարծում, թե այդ թեմային կրկին անդրադառնալու կարիք կա: Այս ուղերձով ուզում եմ ուղիղ նայել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ, եւ ընդգծել, որ մեր պայքարը հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի է, հանուն այնպիսի Հայաստանի, որ ապահով տուն եւ տաք օջախ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար` անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական եւ հանրային դիրքից:

Եւ ուրեմն` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք:

Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Հ.Գ. Տեղյակ եմ, որ մեր շատ համախոհներ ինձ սպասում էին վաղը կայանալիք հանրահավաքում: Նման հնարավորության շուրջ երկար եմ մտածել, բայց ի վերջո բացառել եմ այդ տարբերակը, որովհետեւ չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, թե մեր Շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցների թիկունքում թաքնվելու փորձ եմ անում: Հնարավոր շահարկումներից խուսափելու համար, ահա ընտրեցի իրադարձությունների զարգացման հենց վերը նշված տարբերակը:

01.07.09

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

Հուլիս 1, 2009

Նիկոլ Փաշինյանը դատախազությունում.01.07.2009Այսօր, 2009 թ. հուլիսի 1-ին ընդհատակից դուրս եկավ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նախ նա ներկայացել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Այնտեղից Ն. Փաշինյանին տեղափոխել են ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Նրան ուղեկցում են երեք փաստաբաններ: Դատախազության մոտ եւ ապա` Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի դիմաց ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ, համակիրներ, Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներ:

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն.

Թարմացվել են կայքի ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ եւ ՀՈԴՎԱԾՆԵՐ բաժինները:

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԹԵՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հուլիս 1, 2009

Չնայած շատերը փորձում են կռահել, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսի` վաղը կայանալիք հանրահավաքը փոփոխություններ կմտցնի ընդդիմության առաջիկա անելիքների գրաֆիկում, անկախ հանրահավաքի արդյունքներից` քաղաքական գործընթացներն առաջիկայում ընթանալու են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 12-ին ունեցած ելույթի տրամաբանության շրջանակներում: Այդ ելույթում Տեր-Պետրոսյանը ընդդիմության համագործակցության 12 կետանոց պլատֆորմ առաջարկեց, եւ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակեց սեպտեմբերի 18-ին: Սա թերեւս այն ժամկետն է, որի ընթացքում վերջնականորեն պարզվելու է, թե ի վերջո ով է Հայաստանում ընդդիմություն, եւ ով` ոչ, որովհետեւ հենց այդ 12 կետերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով է ձեւավորվելու այդ հարցի պատասխանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԴԵՊԻ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

nikol-pashinyan-at-a-rallyՀայաստանի մասին ԵԽԽՎ ընդունած հերթական` 1677 բանաձեւը, իհարկե, տեղավորվում է կանխատեսելիության շրջանակներում։ Նրա բովանդակության մեջ հետաքրքիր նրբերանգներ կան, բայց քաղաքական իմաստով փաստաթուղթն այնպիսին է, ինչպիսին եւ սպասվում էր։ ՀՀ իշխանությունների հասցեին ուղղված եվրաողջույնները ընդամենը արձանագրումն են այն բանի, որ սերժանտական իշխանությունը հնազանդ է եվրոպական բոսերին։ Բայց եվրոպացի բոսերը, այնուամենայնիվ, չեն պատրաստվում կորցնել ազդեցության լծակները եւ ուրեմն` արձանագրում են այն բազմաթիվ խնդիրները, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան Հայաստանի իշխանությունների աչքը մտցնել։ Եթե անգամ իշխանությունը ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին, Հայաստանը, միեւնույն է, մնալու էր մոնիտորինգի տակ, եւ 1677 բանաձեւի առանձնահատկությունը հենց սրանում է. արտաքուստ քաղցր-մեղցր լինելով` այն ի ցույց է դնում հետագա բանաձեւերի խստացման, կոշտացման ողջ պոտենցիալը։ Թե երբ կկոշտանան դիրքորոշումները, կախված է արդեն տասնյակ գործոններից. մասնավորապես` նաեւ այն գործընթացներից, որ տեղի կունենան Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ` մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հունիս 30, 2009

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալիս«Ժամանակ» - Պրն. Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Որքանով է Ձեր քայլը պայմանավորված նախորդ շաբաթ օրենքի ուժ ստացած համաներման ակտի հետ: Եթե այո` ապա հավատո՞ւմ եք, որ «ամենաըմբոստ» ակտիվիստի` Ձեր հանդեպ, իշխանությունն ավելի մեղմ կվարվի, քան Սասուն Միքայելյանի հետ վարվեց, եթե ոչ` ապա Ձեր որոշումը կապ ունի՞ ազատ արձակված տղաների օգնությամբ եւ օժանդակությամբ ՀԱԿ օրակարգի հնարավոր փոփոխության եւ շարժմանը հնարավոր դինամիզմ հաղորդելու հնարավորության հետ, որն անկասկած առավել կարագացնի Ձեր եւ անազատության մեջ մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը:

Նիկոլ Փաշինյան - Ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չէ ձեր հարցի այն հատվածը, թե արդյոք ես մեղմ վերաբերմունք եմ ակնկալում հանցագործ իշխանությունից: Սերժանտական իշխանությունը ես համարում եմ մարդասպան, հանցագործ իշխանություն, որի գնալով ավելի ու ավելի մեծ թվով ներկայացուցիչներ ենթակա են քրեական պատասխանատվության, այդ թվում եւ այն քննիչներից եւ օպերատիվ աշխատողներից ոմանք, ովքեր առաջիկա օրերին կիրականացնեն իմ ձերբակալությունը, կփորձեն հարցաքննել ինձ: Թող անհամեստ չհնչի, ես իմ որոշումները չեմ կայացնում իշխանական այս կամ այն հանցագործի հնարավոր վերաբերմունքի հաշվարկով: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԱԽԱԴԵՊԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է

Իշխանական իրավաբանները զարմանալի ոչինչ չեն տեսնում նրանում, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում կեղծիքներ թույլ տված եւ ձեւի համար ձերբակալված մի քանի անձինք կալանավորվելուց մի քանի օր հետո ազատ արձակվեցին։ Համաներումը, ասում են, տարածվեց նրանց վրա, դրա համար էլ ազատվեցին։ Իշխանական իրավաբանները զարմանալի ոչինչ չեն տեսնում նաեւ նրանում, որ Սասուն Միքայելյանը մնաց բանտում. «Համաներումը չտարածվեց նրա վրա»,- ասում են նրանք։ Եւ այս ամենը ասում են մի այնպիսի լուրջ տեսքով, կարծես Մոզամբիկի իշխանություններն են որոշել, թե համաներումը ինչ հոդվածների վրա տարածվի, ինչ հոդվածների վրա չտարածվի։ Եւ փաստորեն, Ղարաբաղի պատերազմի հերոսի ունեցած զենքը, որ վերջին տասը տարում տեղից չի էլ շարժվել, եւ որի գոյության մասին ինքը` Սասուն Միքայելյանն է հայտնել` խարխլում է պետականության հիմքերը, իսկ ահա ընտրակեղծիքները` չեն խարխլում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ՆԵՐՈՒՄԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Հունիս 26, 2009

Եթե վիճակագրություն լիներ, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի հոգի եւ քանի անգամ է ներքաղաքական վիճակի մասին խոսելիս «ներելու» աջուձախ կոչեր հնչեցրել, տնտեսական երկնիշ անկումը, թերեւս, այդքան սարսափելի չլիներ: Մենք կմխիթարվեինք գոնե այն մտքով, որ Հայաստանը ներման կոչերի առատության համաշխարհային ռեկորդ է սահմանում: Ոմանք իշխանությանը կոչ են անում ներել ընդդիմությանը, ոմանք ընդդիմությանը կոչ են անում ներել իշխանությանը, ոմանք երկուսին էլ կոչ են անում ներել իրար, ոմանք բոլորին կոչ են անում ներել բոլորին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջիկայում այսօրինակ սրտաճմլիկ տեսարանների պակասություն չի զգացվելու: Բայց սա ամենեւին էլ նրանից չէ, որ հայ ժողովուրդը դեմքով շրջվել է դեպի քրիստոնեական արժեքները: Ոչ ամենեւին. պարզապես ճոռոմ եւ վեհահունչ բառերով պարուրված դատարկաբանությունը Հայաստանում երկրպագուների կայուն բանակ ունի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇՈՏԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 25, 2009

Հարց Ashot-ից

Նիկոլ Փաշինյան. Ազատության հրապարակ. 2008 թ. փետրվար. (c) DavitHՀարգելի Նիկոլ կարդացի ձեր հայտարարությունը և պարզապես ուզում եմ հայտնել իմ կարծիքը Ձեր որոշման վերաբերյալ: Կարծում եմ, որ Ձեր որոշումը շատ հապճեպ է արված, և այս իշխանությունները հենց դրան էլ սպասում են, որ Դուք դուրս գաք ընդհատակից: Վստահեցնում եմ Ձեզ, որ այս կարգավիճակում դուք արել և դեռ շատ բան կարող եք անել համաժողովրդական շարժման համար: Այնպես որ ես չեմ ողջունում ձեր որոշումը և վստահ եմ, որ շատերը կկիսեն իմ կարծիքը: Բայցևայնպես, եթե որոշեք հանձնվել, Աստված և ժողովուրդը Ձեր հետ է: Պատասխան չեմ ակնկալում, Շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Աշոտ. շնորհակալ եմ ձեր աջակցության եւ հոգատարության համար: Բայց եւ ուզում եմ ընդգծել, որ ընդհատակից դուրս գալու եւ բանտ տեղափոխվելու իմ որոշումը հապճեպ չէ, որովհետեւ այս քայլի մասին մտածում եմ արդեն մոտավորապես մեկ տարի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 24, 2009

Նիկոլ Փաշինյան. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու, եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել: Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին իրադարձություններից հետո: Նախկինում որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իմ դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը հաղթահարված եմ համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իմ քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին: Եւ ուրեմն` հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես: Ընդհատակից բանտ տեղափոխվելու որոշումս նաեւ արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված: Վերջին 1.3 տարվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես եմ եկել «Հայկական ժամանակ» օրաթերթում, ստեղծել եմ «Երկրի հակառակ կողմը», սերժանտական հանրային հեռուստատեսության եթերից ուղերձով դիմել եմ ՀՀ քաղաքացիներին, ելույթ եմ ունեցել Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքում, իմ ընկերների աջակցությամբ ստեղծել եմ էջ-կայք, պատասխանել եմ այդ էջ-կայքի այցելուների հարյուրավոր հարցերի, հարցազրույցներ եմ տվել մի քանի լրատվամիջոցների, հրապարակել եմ ընդհատակյա լուսանկարներ, մասնակցել եմ մի քանի հայտնի քաղաքացիական երգերի ստեղծմանը: Բոլոր այս քայլերը ձեռնարկել եմ հապացույց այն ճշմարտության, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, որ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, «օդում, ջրում եւ ցամաքում», պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չենք ազատել ավազակապետական բեսպրեդելից, քանի դեռ Հայաստանը չենք դարձրել Սահմանադրության եւ օրինականության երկիր, քանի դեռ չենք ստեղծել Ազատ եւ Երջանիկ Հայաստան, որը ապահով տուն եւ տաք օջախ է իր քաղաքացիների համար: Եւ ուրեմն` բանտ տեղափոխվելու իմ որոշումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից, որովհետեւ ընդհատակից պայքարը նախկին արդյունավետությամբ շարունակելու հնարավորությունները սպառված են, մեծանում է կրկնվելու, ճահճանալու վտանգը: Պայքարին նոր լիցք է հարկավոր, եւ այդ նոր լիցքը իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասը կհաղորդի` ազատության մեջ հայտնվելով, ինքս հույս ունեմ այդ լիցքը հաղորդել բանտում հայտնվելով: Այս պահին նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել ընդհատակից դուրս գալու կոնկրետ օրվա մասին: Կարող եմ ասել միայն, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չեմ որոշել նաեւ, թե «իրավապահ» ո՞ր կառույցի, ո՞ր ստորաբաժանում եմ այցելելու: Ներկայումս գտնվում եմ այդ հարցի շուրջ որոշում կայացնելու փուլում: Գիտակցում եմ նաեւ, որ իմ այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնելու մեր համախոհների, իմ էջ-կայքի այցելուների, «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողների եւ ընդհանրապես քաղաքացիների շրջանում: Եւ ահա, մտադիր եմ առաջիկա ժամանակաշրջանը տրամադրել այդ հարցերին պատասխանելու գործին, որից հետո արդեն տեղի կունենա «բուն արարողությունը»: Եւ ուրեմն, տվյալ խնդրի առնչությամբ ինձ ուղղված հարցերը կարող եք փոխանցել իմ էջ-կայքի «Հարցուպատասխան» բաժնի միջոցով: Հիշեցնեմ, որ իմ էջ-կայքը գործում է www.nikol.am, www.nikolpashinyan.com հասցեներով: Ուղարկեք ինձ ձեզ հետաքրքրող հարցերը, եւ ես կպատասխանեմ դրանց` հնարավորինս արագ: Ամփոփելով սույն հայտարարությունը, ուզում եմ դիմել Համաժողովրդական պայքարի, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին եւ կողմնակիցներին. գլուխներդ բարձր, դուխներդ տեղը` պայքարելու ենք մինչեւ վերջ, ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

24.06.09

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԵԻ ՀԱՐՑԻՆ` ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հունիս 24, 2009

Հարց Վահեից

Նիկոլ եւ Աշոտ Փաշինյանները Մատենադարանի հարթակումԲարեւ Նիկոլ. որքան հասկացա դու պատրաստվում ես ներկայանալ «իրավապահ մարմիններին», մի պայման, որ առաջադրված է համաներման տեքստում: Չե՞ս կարծում, որ քո նման քայլը կարող է մեկնաբանվել որպես համաներումից օգտվելու մղում, եւ կարող է այլ մեկնաբանություն ստանալ: Եթե չես ուզում, կարող ես չպատասխանել այս հարցին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահե. արդեն ասել եմ, որ բանտ տեղափոխվելու իմ որոշումը կապված է իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասի` ազատության մեջ հայտնվելու հետ: Երբ նրանք դեռ բանտում էին, իմ անազատության մեջ հայտնվելը կարող էր ավելի բարդացնել Համաժողովրդական շարժման վիճակը, բայց հիմա, երբ մեր Շարժումը մեծ ձեռքբերում է ունեցել, իմ հայտնվելը բանտում կդիտարկվի որպես պայքարի նոր էջի սկիզբ եւ միայն կավելացնի քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակմամբ թեւածող ոգեւորությունը: Ինչ վերաբերում է ձեր հարցին, նախ եկեք արձանագրենք, որ ձեր նշած «համաներումը» ոչ թե սերժանտական իշխանության «մեծահոգության» արգասիքն է, այլ Համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի մղած պայքարի արդյունք: Եւ եթե անգամ իմ որոշումը պիտի դիտարկվի որպես «համաներումից օգտվելու մղում», սարսափելի ոչինչ չկա, որովհետեւ առնվազն տարօրինակ կլինի, եթե մենք չօգտվենք մեր պայքարի արդյունքներից: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՆՈՒՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՎ ԲԱՐԵԳՈՒԹ ԱՍՏԾՈ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հունիս 24, 2009

Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ ազատության համար մղվող պայքարը անկասելի է, եւ ազատությունը մարդու կենսական պահանջմունք է։ Եւ չնայած Իրանում էլ ազատության համար մղվող պայքարը մի տեսակ տեղավորվում է նախագահական ընտրությունների համատեքստում, սրանից իրերի դրությունը չի փոխվում։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին ազատությունն է խորհրդանշում, իրանցի ժողովրդի ազատության պահանջմունքը, իսկ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը անազատության խորհրդանիշն է։ Եւ Իրանում տեղի ունեցողը իրականում հենց «Ազատություն» գաղափարի վեհությունն է խորհրդանշում, որովհետեւ «չարտոնված երթերի եւ հանրահավաքների» դուրս եկող իրանցիները չեն կարող չգիտակցել, որ հրապարակային մահապատիժների երկրում իրենց հետ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ու չնայած սրան` հրապարակային, բացահայտ պայքարի են դուրս գալիս` հանուն ազատության։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՉԷԻՐ, ՉԷԻՐ, ՉԷԻՐ ՈՒԶՈՒՄ…

Հունիս 23, 2009

Դավիթ Աղայան. ՄատենադարանԱյսօր, երբ քաղբանտարկյալների զգալի մասը ազատության մեջ է, արժե, թերեւս, վերլուծել այն քաղաքական պրոցեսը, որի արդյունքում իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ստիպված եղավ գնալ նման քայլի, այսինքն` ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Սա, մեծ հաշվով, Հայ ազգային կոնգրեսի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաղթանակն է եւ ըստ էության` անհերքելի ապացույցը իշխանության թուլության ու խոցելիության։ Ընդ որում, իշխանությունը ինքը, մի շարք մարտավարական սխալներ թույլ տալով, նման եզրակացություններ անելու հիմք տվեց։ Համաներում կոչվածը իրոք կարող էր դառնալ իշխանության ուժեղության եւ համոզվածության խորհրդանիշ։ Բայց որպեսզի նման բան տեղի ունենար, այդ համաներումը պետք է իրականություն դառնար ճիշտ ժամանակ եւ ճիշտ շեշտադրումներով։ Սերժ Սարգսյանը, սակայն, կոպիտ սխալ թույլ տվեց` Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԻՆՉԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

Հունիս 20, 2009

Այսպես կոչված համաներումը իշխանությունները արեցին յոթերորդ դասարանցու ոճաբանությամբ։ Ծանոթ է չէ՞ ձեզ այն իրավիճակը, երբ պապան տնից դուրս գալիս յոթերորդ դասարանցուն հանձնարարում է դասերը սովորել, եւ խոստանում երեկոյան ստուգել։ Եւ ահա, յոթերորդ դասարանցին օրն անցկացնում է խաղերի, չատերի, հեռուստացույց նայելու գործերի մեջ, ու երբ լուր է հասնում, թե պապան վերադառնում է, դպրոցականը անջատում է համակարգիչն ու հեռուստացույցը, գրքերը փռում սեղանի վրա, մազերը խառնում` իբր նստած դաս է սովորում։ Այն, որ Սերժ Սարգսյանը Պրեսկոտ-Կոլոմբիե զույգի հետ հանդիպումից ընդամենը կես ժամ առաջ համաներման առաջարկը ուղարկեց Ազգային ժողով, հերքելու եկավ Հասարակաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի այն պնդումը, թե համաներումը սերժանտական իշխանությունը անում է ոչ թե ճնշումներին տեղի տալով, այլ որովհետեւ իրեն մի ուրիշ ձեւի վստահ է զգում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՁԵՑԿԻ ՄԱՏԸ»

Հունիս 19, 2009

nikol_asulis1ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը դարձավ առաջին պաշտոնյան, ով պաշտոնապես հաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում քննարկվում է հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը։ Գորդոնը իր կողմից աջակցություն հայտնեց այդ գաղափարին, եւ սա տեղի ունեցավ Հայաստան կատարած նրա այցից օրեր անց, ինչը, ըստ էության, նշանակում է, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը օրակարգային է նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններում։ Ինքներդ դատեք. եթե ԱՄՆ-ն ամենայն աջակցություն է ցուցաբերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե այդ կարգավորման գործընթացում էական դեր ունի հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը, եթե ԱՄՆ-ն պաշտպանում է այդպիսի հանձնաժողով ստեղծելու գաղափարը, նշանակում է` այդ հարցով բանակցություններ է վարում Հայաստանի իշխանությունների հետ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,